fbpx
Մշակույթ

Վառ, ինտրիգային «Սևիլյան սափրիչը» օպերան` Երևանում

Միայն երկու օր եզակի հնարավորություն ունեք դիտելու Ռոսինիի հանճարեղ «Սևիլյան սափրիչը» կատակերգական օպերան՝ համաշարհային և հայաստանյան ճանաչված մենակատարների կատարմամբ:

Իտալացի կոմպոզիտոր Ջոակինո Ռոսինիի այս գլուխգործոցը, որը զարդարում է աշխարհի լավագույն օպերային թատրոնների բեմերը, կարող եք ունկնդրել «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ մարտի 3-ին և 5-ին՝ ժամը 19:00-ին: Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկը կներկայացնի «Սևիլյան սափրիչը» երկու գործողությամբ օպերայի լիարժեք բեմադրությունը:

Վառ, կոմիկ, ինչ որ տեղ գրոտեսկային կերպարները կկերտեն լավագույն դերակատարները. Ռոզինային կներկայացնի Եվրոպայում մեր ժամանակների Ռոզինայի լավագույն դերակատարներից Աննա Կասյանը (սոպրանո, Ֆրանսիա), Ֆիգարոյի կոլորիտային, ճարպիկ, տաք խառնվածքը կկերտի իտալացի բարիտոն Ջանպիերո Ռուջերին, ով հատկապես փայլում է ռոսինիական երկացանկում: Կրքոտ սիրահար կոմս Ալմավիվան հայաստանյան և արդեն վաղուց միազգային հեղինակավոր բեմերի սիրելի Լիպարիտ Ավետիսյանն է (տենոր, Հայաստան), փնթփնան ծերուկ Բարտոլոյին (Ռոզինայի խնամակալը, ով ցանկանում է ամուսնանալ վերջինիս հետ) կմարմնավորի հայտնի բաս Եվգենի Ստավինսին (Ռուսաստան), իսկ կեղծավոր և զրպարտիչ Դոն Բազիլիոն մեր հայրենակից Վազգեն Գազարյանն է (բաս, Գերմանիա): Բերտային կմարմնավորի տաղանդավոր սոպրանո Ալինա Փահլևանյանը, Ֆիորելլոյին՝ հրաշալի կոմիկ դերասան, բարիտոն Կիմ Սարգսյանը (Հայատան):

Հագուստների և բեմի ձևավորումը փարիզաբնակ ճանաչված մոդելավորողներ Գևորգ և Վարդան Թառլոյաններինն է:

Բեմում կլինի Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Մասնակցում է նաև «Հովեր» պետական կամերային երգչախմբի արական կազմը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սոնա Հովհաննիսյան:

«Սևիլյան սափրիչ»-ի բեմադրությունը նաև առանձնահատուկ է նրանով, որ այս օպերան Հայաստանում վերջին անգամ հնչել է 14 տարի առաջ, 2005թ.-ի մայիսի 25-ին՝ Է. Թոփչյանի ղեկավարությամբ (համերգային կատարում):

Արդեն երկու տասնամյակից ավել է, ինչ կատակերգական օպերա չի բեմադրվել Հայաստանում:

Ռոսինիի «Սևիլյան սափրիչը» ուղղակի երաժշտական հրաշք է, որը կոմպոզիտորը գրել է ընդամենը քսան օրում՝ Բոմարշեի համանուն կոմեդիայի հիման վրա: Առաջին կատարումը եղել է 1816թ.-ի փետրվարի 20-ին, Հռոմի «Տեատրո Արջենտինա»-ում: Ժամանակն անզոր է այս հանճարեղ օպերայի նկատմամբ: Հիացմունքի արժանի, արբեցնող նախերգանքից մինչ վառ ֆինալ՝ օպերայից հորդում է այնպիսի հզոր կենսական էներգիա, երաժշտական հումոր, որ նա հաղթանակած է դուրս գալիս յուրաքանչյուր համեմատության մեջ, անգամ մեծն Մոցարտի, ով գրել է «Ֆիգարոյի ամուսնությունը» նույն սկզբնաղբյուրի հիման վրա: Մի առիթով անգամ Հենդելն է ասել. «Ես երկրորդ անգամ եմ լսում Ռոսինիի «Սափրիչը»: Թերևս, ես վատ ճաշակ ունեմ, բայց այս Ֆիգարոն ինձ համար ավելի գրավիչ է, քան մոցարտյանը»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ