fbpx
Խորհրդարան

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ԱԺ-ում տրանսգենդերի ելույթին

Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԱԺ-ում Լիլիթ Մարտիրոսյանի ելույթին ու դրան հաջորդած իրադարձություններին։ Վարչապետ նշեց, որ իր տպավորությամբ ՀՀԿ որոշ գործիչներ հարցեր են տալիս, թե ի՞նչ է կատարվում։

«Ես ուզում եմ ձեզ ասել, որ 2015 թվականին Հայաստանի իշխանությունը, պահպանողական իշխանությունը, ընտանեկան արժեքների և ավանդական արժեքների պահապան իշխանությունը, ինչպես իրենք են իրենց անվանում, ՀՀ քաղաքացի Վաղարշակ Մարտիրոսյանի անձնագիրը վերցրել է և նրան տվել է ՀՀ քաղաքացի Լիլիթ Մարտիրոսյանի անձնագիր, ընդ որում՝ Լիլիթ Մարտիրոսյանին անձնագիր է տվել, գրել է՝ Լիլիթ Մարտիրոսյան, սեռը՝ արական»,- ասաց Փաշինյանը։

Նա ավելացրեց, որ այն պահին, երբ այդ իշխանությունն այդ անձին տվել է ՀՀ քաղաքացու անձնագիր, այդ պահին էլ նրան օժտել է ՀՀ քաղաքացու բոլոր իրավունքներով ու պարտականություններով։

«Եվ էսօր հանրապետականները … ես որ իրենց ասում էի՝ դուք գեյ-ակտիվիստ եք, իրանք չէին հավատում, իրենք, իրոք, էդպիսի կարգավիճակից չեն կարող խուսափել։ Եվ սա ևս մեկ ապացույց է։ Էտ ո՞ւմ են եկել, ինչի մեջ մեղադրում», – ասաց վարչապետը։

Ինչ վերաբերում է ԲՀԿ պատգամավորների հայտարարություններին, Փաշինյանն ասաց, որ պետական պահպանության ծառայությունից պահանջել ու ստացել է բացատրություն, որի համաձայն՝ հենց Նաիրա Զոհրաբյանն է ստորագրել այդ ցուցակի տակ, որով էլ մարդիկ մասնակցել են այդ նիստին։

Փաշինյանը նաև ընդգծեց, որ երբ առաջին անգամ լսել է այդ միջադեպի մասին, մտածել է, որ դա քաղաքական պրովոկացիա է ներկա իշխանությունների դեմ, բայց անկախ դրանից բոլորը պետք է պատասխանեն այս հարցին՝ Լիլիթ Մարտիրոսյանը մա՞րդ է, թե՞ չէ, քանի որ լսումներն անցկացվում էին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ