Հանրապետության Հրապարակում անցկացվող անկախության 30-ամյակին նվիրված գլխավոր միջոցառմանը ելույթով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ելույթում ասվում է․
«ՀՀ մեծարգո նախագահ, ԱԺ մեծարգո նախագահ, կառավարության, անվտանգության խորհրդի հարգելի անդամներ, ԱԺ պատգամավորներ, դատական իշխանության հարգելի ներկայացուցիչներ, մեր նահատակների սիրելի ծնողներ, հարազատներ, սիրելի ներկաներ, խնդրում եմ նախ հոտկնկայս, մեկ րոպե լռությամբ հարգենք Հանուն հայրենիքի ու նրա անկախության իրենց կյանքը տված մեր բոլոր նահատակների հիշատակը: Շնորհակալ եմ:
Բայց հին ու նոր քո վերքերով կանգնած ես դու կենդանի,
Կանգնած խոհո՜ւն, խորհըրդավոր ճամփին նորի ու հընի.
Հառաչանքով սըրտի խորքից խոսք ես խոսում Աստծու հետ
Ու խորհում ես խորին խորհուրդ տանջանքներում չարաղետ,
Խորհում ես դու էն մեծ խոսքը, որ տի ասես աշխարհքին
Ու պիտ դառնաս էն երկիրը, ուր ձըգտում է մեր հոգին―
Հույսի՜ հայրենիք,
Լույսի՜ հայրենիք։
Հովհաննես Թումանյանի այս տողերը թերեւս ճշգրիտ են արտահայտում հանգրվանը, որում գտնվում է մեր հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը, որն արդեն 30 տարեկան է: Ի՞նչ կտեսնենք մենք, եթե ետ նայենք մեր անկախ պետության 30-ամյա պատմությանը: Կտեսնենք հաջողություններ ու անհաջողություններ, կտեսնենք հաղթանակներ ու պարտություններ, կտեսնենք արցունքներ ու բերկրանք, կտեսնենք ոգեշնչում եւ հուսահատություն, կտեսնենք հիացմունք ու հիասթափություն, կտեսնենք պատերազմներ, պատերազմում կրած հաղթանակ եւ պատերազմում կրած պարտություն:
2020 թվականի 44-օրյա պատերազմի ծանրությունը կախված է այս հրապարակի վրա եւ թերեւս հենց այս հանգամանքն է այն ճամփաբաժանի սիմվոլը, որի մասին խոսում է մեծն Թումանյանը: Ինչպես ապրել այս աղետից հետո, ինչպես նայել զոհվածների երեխաների, այրիների, հայրերի ու մայրերի աչքերին, ինչպես անել, որ նրանց զոհողությունը անիմաստ չդիտարկվի:
Այս բանաձեւումն է թերեւս մեր ամենամեծ խնդիրը, ձեւակերպել մեր կյանքի ու ապագայի ուղենիշը 30-ամյա անկախության այս հանգրվանում՝ անկախ պետության ապագա տասնամյակների համար: Իմ պատկերացրած ձեւակերպումը այսպիսին է.
Պատմությունը ցույց է տվել, ապացուցել է, որ հաղթանակը պատերազմում միշտ չէ, որ դարձել է հաղթանակ, նույն կերպ եւ՝ պարտությունը պատերազմում միշտ չէ, որ դարձել է պարտություն: Մենք մեր պարտությունը պիտի փոխակերպենք հաղթանակի, բայց պիտի փոխակերպենք նաեւ հաղթանակի մեր բանաձեւը, որովհետեւ՝ պատմությունը դա է ցույց տվել, որ հաղթելու համար պարտադիր չէ, երբեմն՝ նույնիսկ պետք չէ հաղթել ուրիշներին: Հաղթել՝ նշանակում է հաղթել հուսահատությանը, հաղթել անելանելիությանը, հաղթել ճակատագրին, հաղթել մահվանը:
Իսկ ու՞ր մնացին նահատակները:
Նրանք ընկան, որ Հայաստանն ապրի, նրանք ընկան, որ Արցախը ապրի: Եւ քանի ապրում է Հայաստանը, քանի ապրում է Արցախը՝ նրանք կենդանի են: Երբ զարգանում է Հայաստանի Հանրապետությունը, երբ զարգանում է Արցախը՝ նրանց զոհողությունները հասել են իրենց նպատակին, որովհետև խոսքը իրենց զավակների, իրենց եղբայրների ու քույրերի հայրենիքի մասին է, վերջիններիս զավակների հայրենիքի մասին:
- Նիկոլ Փաշինյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ Անկախության տոնի առթիվ
- Այսօր Ձեր ղեկավարությամբ երկիրն իրականացնում է կարևոր բարեփոխումներ․ Տոկաևը՝ Փաշինյանին
Եւ ուզում եմ, որ մենք այսօր տեսնենք մեր նահատակների ներկայությունը մեր կողքին, նրանց տեսնենք որպես կյանքի և ոչ որպես մահվան խորհրդանիշ, նրանց դարձնենք ապրելու ու հաղթելու՝ մահվանը հաղթելու, հուսահատությանը հաղթելու, անելանելիությանը հաղթելու խորհրդանիշ ու գրավական:
Արդեն երկար ժամանակ քննարկում ենք, թե ինչպիսի՞ նախագծով պիտի հավերժացնենք արցախյան բոլոր պատերազմների նահատակների հիշատակը, որ խորհրդանշենք նրանց ներկայությունը, նրանց ապրելը մեր կողքին: Եւ որոշում ենք կայացրել Երևանի բուսաբանական այգում հիմնադրել Կյանքի պուրակը, Կենաց պուրակը, որտեղ արցախյան բոլոր պատերազմների բոլոր զոհերի կենդանությունն ու ներկայությունը խորհրդանշող ծառեր կտնկվեն, իսկ պուրակի կուլմինացիան կլինի Կենաց ծառը, մեր բոլոր նահատակներին և հայրենիքին տված նրանց կյանքը խորհրդանշող:
Դա չի լինելու հուշակոթող, դա լինելու է կենաց պուրակ, որտեղ վազվզելու, աղմկելու, խաղալու են երեխաները, երիտասարդները ժամանց են ունենալու, մեծահասակները ճեմելու են ու զրուցելու, ր այդ պուրակը լինելու է նրա մասին, որ ահա այդ բոլոր մարդկանց, այս բոլոր մարդկանց՝ Հայաստանի ու Արցախի ապրելու համար են զոհվել նրանք: Եւ Հայաստանի ապրելը, Արցախի ապրելը, խաղաղ ու զարգացող հայոց պետականությունը պիտի դառնա այն հաղթանակը, որ նրանք կերտեցին:
Այստեղ ահա, այս լուսավոր հրապարակի սրտում տեղադրված, Հայոց դրոշներով պարուրված և պատվո պահակախմբի կողմից պահպանվող այդ ծառերը կտեղափոխվեն բուսաբանական այգի՝ խորհրդանշելով Հայաստանի Հանրապետության պատմության նոր դարաշրջանի մեկնարկը, խաղաղ զարգացման դարաշրջանի մեկնարկը:
Ապրի՛ր Հայաստան և բարձրացիր, ապրի՛ր Արցախ և բարձրացիր՝ հանուն նահատակների, որոնք ընկան, որ դու ելնես: Որոնք ընկան, որ դու ելնես:
Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձը»: