Սեպտեմբերի 21-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնել են, որ Մոսկվայում Հայաստանի անկախության 30-րդ տարեդարձի տոնակատարության շրջանակներում տեղի է ունեցել «Երկու ժողովուրդների Մարշալ Բաղրամյան»-ի հուշարձանի բացման արարողությունը։
«Խորհրդային և հայ ականավոր հրամանատար, երկու անգամ Խորհրդային Միության հերոս, Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի հիշատակին նվիրված քանդակագործական և ճարտարապետական կոմպոզիցիայի ստեղծման նախաձեռնողը Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությունն է:
Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը: Իր խոսքում նա ընդգծել է, որ մարշալ Հովհաննես Բաղրամյանի հուշարձանի բացումը տեղի է ունենում ՀՀ անկախության հռչակման 30 -ամյակի օրը:
- Հյուպատոսական բաժինը քաղաքացիներին կընդունի սովորական ռեժիմով․ ՌԴ-ում ՀՀ Դեսպանություն
- ՀՀ քաղաքացիները կարող են քվեարկել միայն ֆիզիկապես ներկա գտնվելով ՀՀ տարածքում. ՌԴ-ում ՀՀ դեսպանություն
«Հատկանշական է, որ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար այս կարևոր օրը մենք բացում ենք մի մարդու հուշարձան, ով մեր ժողովուրդների համար դարձել է Հաղթանակի, ռազմական փառքի և միավորման խորհրդանիշ», – ասել է Վարդան Տողանյանը:
Դեսպանն իր խոսքում նշել է նաև երկու ժողովուրդների պատմության մեջ մարշալ Հովհաննես Բաղրամյանի մեծ ավանդը:
Բաղրամյանի կիսանդրին գտնվում է կոմպոզիցիայի կենտրոնում ՝ գրանիտե երկաստիճան պատվանդանի վրա: Կիսանդրու հետևում կան երկու հայելային գրանիտե սյուներ (3.8 մ բարձրությամբ), որոնք խորհրդանշում են Հայաստանն ու Ռուսաստանը։
Կոմպոզիցիայի քանդակագործն ու ճարտարապետն է Աշոտ Թադևոսյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
