fbpx
Մշակույթ

Վարչապետը հատված է հրապարակել «Երկրի հակառակ կողմը» գրքից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր Facebook-ի էջում «Երկրի հակառակ կողմը» վեպից հատված է հրապարակել.

«- Ֆրեդ, հիմա ի՞նչ ես կարծում, վան Գոգը հանճա՞ր է, թե ոչ, – ի վերջո հարցրի ես։

– Ի՞նչ ես պայմանականությունների հետևից ընկել։ Չե՞ս զգում, որ դրանք բոլորը բառեր են, միայն բառեր։ Կարևորն այն է, որ կյանքդ ապրես այնպես, ինչպես պիտի ապրես` առանց հետևանքների մասին մտածելու։

Ինձ ցնցեց, որ Ֆրեդն ասաց ոչ թե «արդյունքների», այլ «հետևանքների»։

– Դու դիտավորյա՞լ ասացիր դա, – հետաքրքրվեցի։

Ֆրեդը միանգամից չպատասխանեց.

– Չէի մտածել, բայց կարծում եմ՝ ճիշտ ասացի. մարդ պետք է ապրի իր երկրային առաքելությանը համապատասխան, երազի արդյունքների և չմտածի հետևանքների մասին։ Եթե վան Գոգը մտածեր իր կյանքի հետևանքների մասին, նկարչությունը շուտ պետք է թողներ, և մի այնպիսի գործ գտներ, որ իրեն գոնե չոր հացի փող ունենալու հնարավորություն տար։ Բայց նա չի մտածել հետևանքների մասին, այլ երազել է արդյունքների մասին. դրանք մի փոքր ուշ են եկել, բայց հիմա դու ֆանատիկոսի ջերմեռանդությամբ արևածաղիկ ես ցանում նրա գերեզմանին, և եռակի գին վճարում նրա ցուցահանդեսում հայտնվելու համար, իսկ նրա նկարները տասնյակ միլիոնավոր դոլարներ արժեն։ Սա վկայում է, որ մեր Վինսենթը հավատարիմ է մնացել իր երկրային առաքելությանը, և ճիշտ է ապրել իր կարճ կյանքը։ Բայց չեմ բացառում, որ մեծ թվով հիմարներ սովից սատկել են՝ հույս ունենալով, որ իրենց անունն էլ մի բան կնշանակի, բայց սխալվել են։

– Պրոբլեմը հենց դրա մեջ է. հասկանալ, թե որն է քո երկրային առաքելությունը։ Ինչպես Կոելիոն է ասում՝ մարդ պետք է կարողանա գտնել իր կյանքի գիծը և հավատարիմ մնալ դրան։ Գիտես, երևի իսկապես յուրաքանչյուր մարդու համար մի ինչ-որ տեղ գանձ է թաղված, և նա այդ գանձը կգտնի իր կյանքի գծին, առաքելությանը հավատարիմ մնալու դեպքում։ Ուղղակի պրոբլեմն այն է, որ մարդիկ շատ հաճախ, այսինքն` գրեթե միշտ, գանձ ասելով գանձ էլ հասկանում են։ Պատկերացրու՝ ինչ կլիներ, եթե վան Գոգը ամեն ինչ հենց այդպես էլ հասկանար։ Եւ պատկերացրու վան Գոգի հետ նույն քաղաքում ապրած այն մարդկանց վիճակը, պաշտոնյաներ, հարուստներ, ազնվականներ` եթե նրանք հասկանային, որ իրենք ընդամենը մի փոշեհատիկ են այս սոված, քրջոտ, հիվանդ, ականջը կտրած մարդու համեմատությամբ, որին երեխաները հալածում են, նրա ետևից քարեր շպրտում, թքում վրան ու հայհոյում։ Սարսափելին այն է, որ նրա ժամանակակիցներից ոչ ոք, կամ գրեթե ոչ ոք չի հասկացել, որ վան Գոգն այդպիսին է նրանց, այդ բոլորի, աշխարհի ոչնչությունը ի ցույց դնելու համար։

– Դու գտե՞լ ես քո կյանքի գիծը, – հարցրեց ինձ Ֆրեդը։

– Անկեղծ ասած, կարծում եմ, որ մարդ իր կյանքի գիծը փնտրելու կարիք չունի. այն ծնվում է իր հետ։ Խնդիրն այդ գծին հավատարիմ մնալն է, դա չժխտելը։

– Դա ինչպե՞ս է արվում։

– Շատ պարզ. ուղղակի ապրում ես այնպես, ինչպես սիրտդ քեզ թելադրում է։ Իհարկե, երբեմն գայթակղությունների ես տրվում, սխալվում` որից հետո խիղճդ տանջում է. դա նշանակում է, որ պիտի չանես այլևս այդպիսի բաներ։ Հենց այստեղ էլ կանգնում ես ընտրության առաջ. անել այն, ինչ հե՞շտ է, թե՞ այն, ինչ ճիշտ է։ Սա չափազանց պարզ ընտրություն է։ Երբեմն դժվար, բայց պարզից էլ պարզ։ Եվ ամենակարևորը` պետք է գիտակցես, թե ինչ ես անում, և հանուն ինչի»:

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2425150001138714

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ