fbpx
Կառավարություն

Վարչապետ Հայաստան-Գերմանիա հարաբերություններ խորագրով քննարկմանը հանդես եկավ ելույթով

Փետրվարի 13-ին, «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի կազմակերպված քննարկման ժամանակ ելույթով հանդես է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա մասնավորապես ասել է. «Մեր սահմանադրությամբ նախատեսված Սահմանադրական դատարան մենք կունենանք 2035 թվականին, ոչ մի օր շուտ, որովհետեւ նախորդ կառավարության ներկայացուցիչները որոշակի մանիպուլյացիաների արդյունքում, օրինակ, ընտրել են Սահմանադրական դատարանի նախագահ, որը պետք է պաշտոնավարի մինչեւ 2035 թվականը: Այսինքն ի հեճուկս մեր Սահմանադրության, 18 տարի Սահմանադրական դատարանի նախագահի ընտրություններ տեղի չեն ունենալու: Սա մոտավորապես նույնն է, որ մենք հիմա օրենսդրական փոփոխություններ անենք եւ որոշենք, որ մինչեւ 2035 թվականը ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններ տեղի չեն ունենալու եւ վարչապետը չի փոխվելու, չնայած Սահմանադրությամբ նախատեսված է, որ պետք է լինեն խորհրդարանական ընտրություններ»,-ասաց նա:

Վարչապետը նշեց, որ չնայած մեր Սահմանադրությամբ նախատեսված է , որ Սահմանադրական դատարանի դատավորները կարող են պաշտոնավարել 12 տարի, մեր Սահմանադրական դատարանի անդամների մեծ մասը, եթե ոչինչ չփոխվի, այդ օրենսդրական մանիպուլյացիաների արդյունքում պետք է ունենա պաշտոնավարման 25-30 տարի ժամկետ:

«Սա ուղղակի անընդունելի իրավիճակ է մեզ համար: Այսպիսի Սահմանադրական դատարանի գոյությունն ընդհանրապես կասկածի տակ է դնում ինստիտուցիոնալ բարեփոխումների համակարգը ՀՀ-ում, որովհետեւ դա կուսակցականացված Սահմանադրական դատարան է եւ այդ կուսակցությունը այն կուսակցությունն է, որը Հայաստանն առաջնորդել է կոռուպցիոն համակարգ, եւ որը այսօր երազում է Հայաստանում ժողովրդավարության ձախողում: Մենք այսպիսի իրավիճակ չենք կարող հանդուրժել եւ ինչ ենք արել։ Մենք հարցը հանել ենք համաժողովրդական հանրաքվեի, որով առաջարկում ենք հետեւյալը, որ Սահմանադրական դատարան այն անդամները, որոնց պաշտոնավարումը չի համապատասխանում գործող Սահմանադրությամբ սահմանված պայմաններին ու պահանջներին, նրանց լիազորությունները դադարեցվի եւ մենք ունենանք Սահմանադրությանը համապատասխանող Սահմանադրական դատարան:

Այսինքն հանրաքվեի բարեհաջող արդյունքի պարագայում ՀՀ նախագահը, կառավարությունը եւ Դատավորների ընդհանուր ժողովը կառաջադրեն Սահմանադրական դատարանի  դատավորի թեկնածուներ եւ մենք կունենանք Սահմանադրությանը համապատասխանող Սահմանադրական դատարան»,-ընդգծեց վարչապետը:

Փաշինյանը ավելացրեց նաև՝ հիմա ԱԺ օրակարգում են դատական համակարգի բարեփոխումները, համաձայն որոնց բոլոր նորանշանակ դատավորները, ներառյալ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուները կանցնեն բարեվարքության ստուգում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում, որն ի դեպ, նույնպես նոր է ձեւավորվել:

«Տեղի է ունեցել աննախադեպ բան, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն այսօր ղեկավարում է մի թեկնածու, որն առաջադրվել է ընդդիմության կողմից: Սա կարծում եմ կարեւոր փաստ է։ Մեր դատավորների անաչառությունը պարտադիր պայման է եւ մենք պարտադիր պետք է ապահովենք այդպիսի պայմաններ: Հայաստանը կա եւ շարունակելու է լինել ժողովրդավարական պետություն: Ես հույս ունեմ, որ մեր բոլոր միջազգային գործընկերները կաջակցեն մեր երկրին այս կարեւոր գործընթացը շարունակելու գործում»,- հավելեց վարչապետը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ