Սկսել են թեզ շրջանառել, որ Սերժ Սարգսյանի գյոզալ ժառանգությունը Ղարաբաղի հարցում այս իշխանությունը կորցրեց։ Այդ մասին այսօր՝ հունվարի 25–ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հիմա գիտեք, առիթ է հազիվ, եկեք տեսնենք ինչ ժառանգություն է թողել Սերժ Սարգսյանը Ղարաբաղի հարցով։ Վերջերս լրատվամիջոցներից մեկում մի հոդված տպվեց, որտեղ, ըստ էության, փաստաթղթից մեջբերում էր, թե Սերժ Սարգսյանը որ կետում է թողել Ղարաբաղի բանակցային գործընթացը, և, համենայն դեպս հերքումներ պաշտոնական, նախորդ իշխանությունից չեղան։ Եվ այդ փաստի բերումով կարող ենք ֆիքսել, որ Սերժ Սարգսյանը ինչ ժառանգություն է թողել։ Ինչ է թողել բովանդային Սերժ Սարգսյանը սեղանին Ղարաբաղի հարցի վերաբերյալ։ Երեք հիմնական պարբերություն։
Պարբերություն առաջին. մեջբերում եմ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման վերջնական նպատակներն են այնպես, ինչպես նրանք կապված են միմյանց հետ։ Սա Սերժ Սարգյսանի թողած ժառանգությունն է։ Յոթ շրջանների՝ Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Զանգելանի, Ղուբաթլիի, Քելբաջարի և Լաչինի վերադարձը Ադրբեջանին՝ պայմանով, որ պահպանվում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքը։
Հաջորդ կետը. կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում, ՄԱԿ–ի կամ ԵԱՀԿ–ի հովանու ներքո, Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության ազատ կամարտահայտությունը հանդիսացող համընդհանուր քվեարկության անցկացման միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, որը կլինի իրավական առումով պարտադիր, և կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին՝ նկատի ունենալով, որ քվեարկության դրված հարցը կամ հարցերը պետք է սահմանափակվեն և կարող են ներառել կարգավիճակին վերաբերող բոլոր տարբերակները։ Տարածաշրջանում քաղաքական, առևտրային, տնտեսական և հումանիտար կապերի ամբողջական կարգավորում, դրացիական համագործակության վերականգնում, Հարավային Կովկասի տարածաշրջանի ամբողջական կայունության ապահովում։
Պարբերություն երկրորդ. վերաբնակները միջազգային հանրության օժանդակությամբ լքելու են առաջին պարբերությունում նշված հինգ շրջանների տարածքները։ Ադրբեջանի քաղաքացիական իշխանությունները մտնելու են նշված տարածքները, այն բանից հետո, երբ կտեղակայվեն խաղաղապահ միջազգային ուժերը և դուրս կհանվեն այդ շրջաններում ներկայումս գտնվող զինված ուժերը։ Խաղաղապահ միջազգային ուժերը կտեղակայվեն նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար շրջանի վարչական սահմանների երկայնքով, բացառությամբ Քելբաջարի և Լաչինի շրջանների մաս կազմող հատվածների, Քելբաջարի շրջանը կմնա ԵԱՀԿ անցումային մշտադիտարկման տակ։
Պարբերություն երեք. միևնույն ժամանակ վերոհիշյալ միջոցների ձեռնարկմանը զուգահեռ, մինչ վերջնական կարգավորման որոշումը ԼՂ–ն պետք է օժտվի ժամանակավոր կարգավիճակով, որը կերաշխավորի նրա ամենօրյա կենսագործունեության կազմակերպումը»,-ասաց վարչապետը։
Նրա խոսքով՝ հենց այս ժառանգությունն է ստացել իր ղեկավարած կառավարությունը:
«Հիմա սա, այն ժառանգությունն է, ըստ այդ հրապարակման, որը չի հերքվել, որը եղել է առկա սեղանին։ Հիմա մեզ մեղադրում են, որ մենք այս ժառանգությունը կորցրել ենք։ Ոզում եմ ասել հետևյալը. Որ պահին, այս նույն կետից Հայաստանի Հանրապետությունը ուզենա շարունակել բանակցությունները, հենց այս նույն կետից, միջազգային հանրությունը ոչ մի պռոբլեմ չի ստեղծի բացարձակապես։ Հիմա ես ուրիշ բան եմ ասում, Արցախի նախագահի բոլոր թեկնածուները թող ասեն՝ այս տեքստն իրենց համար ընդունելի է, թե ընդունելի չէ։
Թող Արցախի ժողովուրդն ասի՝ այս տեքստն իր համար ընդունելի է, թե ընդունելի չէ։ Թող հայ ժողովուրդն ասի՝ այս տեքստն իր համար ընդունելի է, թե ընդունելի չէ։ Եթե ձեզ կհավատացնեն, որ սա կորսված է, ձեզ խաբում են։
Եթե Արցախի ժողովուրդը կորոշի, որ սա է այն բանակցությունների հիմքը, սա է ընդունելի տարբերակը, ես երաշխավորում եմ, եթե կընդունեն Հայաստանի և Արցախի ժողովուրդը, որ սա է բանակցությունների բովանդակությունը, ես երաշխավորում եմ, որ նույն պահին սա կհայտնվի բանակցային սեղանին։ Ոչ մի պռոբլեմ չենք ունենա բացարձակ, հիմա ես առաջարկում եմ, և պնդում եմ, որ Արցախի նախագահի բոլոր թեկնածուները ասեն՝ սա իրենց համար ընդունելի է, թե ընդունելի չէ։ Սա չափազանց կարևոր շեշտադրում է, որպեսզի շահարկումները վերանան, որովհետև, երբ որ ես դարձել եմ վարչապետ ինձ առաջարկվել է, որ նույն կետից շարունակեմ բանակցային գործընթացը, որ կետից ընդհատել է Սերժ Սարգսյանը։ Իմ պատասխանը եղել է 2019թ. Ստեփանակերտում մարտին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության խորհուրդների համատեղ նիստում։Ուզում եմ ասել, որ ՀՀ որևէ կառավարություն Ղարաբաղի հարցում այդքան թափանցիկ չի եղել, ինչպիսին է մեր կառավարությունը և ես անձամբ։
Արցախի ընտրություններում բոլոր թեկնածուները պետք է ասեն՝ իրենք այ այս ժառանգությունը իրենց համար ընդունելի է, թե ընդունելի չէ։ Իրենք մտածում են, որ ՀՀ վարչապետն այսօր սա պիտի վերցնի որպես ժառանգություն և շարունակի այս բանակցությունները, թե՝ չէ։ Երաշխավորում եմ, որ հետո իրենք չասեն, դե մենք ասենք, թե չասենք դա մեկ է կորսված է, երաշխավորում եմ, որ այդ առումով ոչ մի պռոբլեմ չի լինի»,-ասաց վարչապետը։