Վաշինգտոնի և Անկարայի վեճը սրվում է

Հրապարակող՝

Վաշինգտոնի և Անկարայի վեճը սրվում է

ՆԱՏՕ-ի անդամներ Միացյալ Նահանգների և Թուրքիայի հարաբերություններում նոր լարվածություն է առաջացել:

Երկու դաշնակիցները միմյանց մեղադրում են Սիրիայի հարցով երկկողմ քննարկումների արդյունքները տարբեր տեսանկյուններից մեկնաբանելու համար:

Բացի դրանից` Վաշինգտոնը և Անկարան իրարամերժ մոտեցումներ ունեն ռուսական արտադրության C-400 (S-400) հրթիռային համակարգեր գնելու Թուրքիայի մտադրության վերաբերյալ:

Ամերիկացիները և թուրքերը չեն համաձայնեցրել այդ հարցով աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկը: Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ի մի շարք այլ անդամներ կտրականապես դեմ են Անկարայի և Մոսկվայի այդ գործարքին:

Թուրքիան խստորեն քննադատել է ՆԱՏՕ-ի հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիսավոր հավաքի ընթացքում պետքարտուղար Մայք Պոմպեոյի և արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպման մասին պետական դեպարտամենտի մեկնաբանությունը:

Ըստ պետական դեպարտամենտի` Պոմպեոն ասել է․ «Անկարային սպառնում են աղետալի հետևանքներ այն դեպքում, եթե թուրքերն ավարտին հասցնեն ռուսական հրթիռները գնելու գործարքը, կամ սկսեն նոր գրոհներ Սիրիայում»:

Պոմպեոն նաև պահանջել է Անկարայից «արագ լուծել Թուրքիայում ապօրինաբար կալանավորված ԱՄՆ քաղաքացիների հարցը»:

Ամենաթարմ