Վերաբացվեց Ամենայն հայոց կաթողիկոսների նստավայրը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սեպտեմբերի 18-ին վերաբացվել է Ամենայն հայոց կաթողիկոսների նստավայրը՝ Վեհարանը: Մեկ դար առաջ կառուցված հայրապետանիստը՝ գործարար Սամվել Կարապետյանի հովանավորությամբ, կատարյալ տեսքի է բերվել: Վեհարանը հիմնանորոգվում և բարեզարդվում էր դեռևս 2010թ.-ից:

Վերաբացման առիթով առաջին այցելուները լրագրողներն էին, որոնք Մայր Աթոռի թանգարանների և արխիվի տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանի և Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի ուղեկցությամբ սրահ առ սրահ ծանոթացան վերանորոգված հայրապետանիստի նոր պայմաններին: Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, ողջունելով ներկաներին, ասաց. «Սուրբ Էջմիածինը նվիրական սրբավայրն է համայն ժողովրդի, սրբություն սրբոցն է հայոց ազգի: Դարերի ընթացքին մշտապես մեր ժողովրդի նվիրումով, սիրով, հավատքով վերակառուցվել, բարեզարդվել, շենացել, պայծառացել և գեղեցկացել է Ս. Էջմիածինը: Շնորհակալության խոսք մեր մեծ բարերարին՝ իր ազնիվ հանձնառության համար»:

Վեհափառ հայրապետը նաև նշեց, որ եկեղեցական կյանքն ամբողջապես արդյունավետ կազմակերպելու համար դեռ շատ աշխատանքներ ունեն կատարելու, ինչպես նաև վերակառուցելու, վերաշինելու այն եկեղեցիներն ու վանքերը, որոնք խոնարհված վիճակում են: «Դրանք նորոգման կարիք ունեն, որպեսզի իրենց առաքելությունը լիարժեքորեն կարողանան իրականացնել մեր ժողովրդի կյանքում»,-ընդգծեց կաթողիկոսը:

«Երրորդ շունչը ստացավ վեհարանը՝ շնորհիվ Սամվել Կարապետյանի և նրա ընտանիքի: Այդ շունչը կարող եք զգալ բոլոր սրահներում: Աղոթքներով և այս ամենի բարվոք պահպանությամբ մեր երախտապարտությունը պիտի հայտնենք բարերարին»,-ասաց Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Ասողիկ աբեղա Կարապետյանի խոսքով՝ Հայոց հայրապետն իր գահակալության առաջին իսկ տարիներից մտահոգված է եղել վեհարանի նորոգման խնդրով. «Նա առաջին հերթին Մայր Աթոռի միաբանների կենցաղային պայմանները բարելավեց և կառուցեց միաբանական հսկա շենքը, հետո նաև բարելավեց Մայր Աթոռի աշխատակիցների կենցաղային և աշխատանքային պայմանները: Եվ այդ «երկունքի» մեջ նրան աջակցության ձեռք մեկնեց բարերար Սամվել Կարապետյանը: Նախ իրականացվեց վեհարանի վերանորոգումը, ապա հիմքից կառուցվեց հանդիսությունների սրահն ու Սրբոց Հայրապետաց մատուռը»,-տեղեկացրեց Հայր Ասողիկը:

Հանդիսությունների սրահի մասնաշենքի և Սրբոց Հայրապետաց մատուռի ճարտարապետն է ակադեմիկոս Հրաչյա Պողոսյանը, իսկ վեհարանի հիմնանորոգման ճարտարապետը՝ Աշոտ Արշակյանը:

Հանդիսությունների սրահի աջ և ձախ կողմերում փորագրվել են ազգային եկեղեցական պատմության առանցքային երկու իրադարձության խորհրդապատկերները՝ Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Ս. Էջմիածնի կառուցումը և 1441թ. Ամենայն հայոց հայրապետական Աթոռի Սուրբ Էջմիածնում վերահաստատումը:

Աղբյուրը՝ Armenpress.am

Ամենաթարմ