Սննդաբան Անտոն Բրայկինը խոսել է այն մասին, թե որ մթերքներն են օգնում բարելավել մաշկի վիճակը`նշելով, որ մաշկի հարթության համար պատասխանատու է կոլագենը։
«Արևի ուլտրամանուշակագույն ճառագայթումը, ներթափանցելով մաշկի խորքերը, ակտիվացնում է այն քայքայող ֆերմենտների արտադրությունը: Կոլագենի սինթեզի համար օրգանիզմին անհրաժեշտ են կենդանական ծագման սննդամթերքի սպիտակուցներ, C և D վիտամիններ, ինչպես նաև մագնեզիում, կալցիում, երկաթ, ցինկ և պղինձ։ Որպեսզի այդ նյութերը մտնեն օրգանիզմ, պետք է սնվել բազմազան ու ռացիոնալ»,- նշել է բժիշկ-փորձագետը։
Ըստ նրա՝ կոլագենը կարևոր է ոսկորների և ջլերի, ատամների, ինչպես նաև արյան անոթների առողջության համար և ավելացրել, որ վիտամին D-ով հարուստ են ձողաձկան լյարդը, սաղմոնը, թունայի պահածոները, հավի ձուն։
Վիտամին C-ն կամ ասկորբինաթթուն մասնակցում է օրգանիզմի հսկա կենսաքիմիական ռեակցիաներին, մասնավորապես՝ կոլագենի սինթեզին, շեշտել է մասնագետը։
«Վիտամինի բարձր պարունակություն կա մասուրի, լոռամրգի, թթու կաղամբի, բուլղարական պղպեղի, սև հաղարջի, չիչխանի, լոլիկի, մաղադանոսի և ցիտրուսային մրգերի մեջ: Պետք է հիշել, որ վիտամին C-ն ամենաանկայուն վիտամինն է, որը ըստ Ցելսիուսի 60 աստիճանից բարձր ջերմաստիճանում ակնթարթորեն քայքայվում է: Ուստի մասուրի թուրմ պատրաստելու համար խորհուրդ է տրվում օգտագործել տաք ջուր, սակայն ոչ եռացող, հակառակ դեպքում ասկորբինաթթու չի լինի, և կմնա միայն համը»,- ասել է նա։
Սննդաբաը նշել է, որ սննդակարգում պետք է լինի սպանախ, բրոկկոլի, ավոկադո, հնդկահավ, նուշ, արևածաղկի սերմեր, կանաչ սոխ, մաղադանոս, չոր ծիրան, լոլիկ և բնական մածուն։
Բացի այդ, կարևոր է ուտել կալցիումի, երկաթի, ցինկի և պղնձի աղբյուրները, կարևորել է փորձագետը, ինչպես նաև հավելել, որ անհրաժեշտ է կարգավորել քնի և հանգստի ռեժիմը, նվազագույնի հասցնել սթրեսը։
«Կոլագենի սինթեզի վրա բացասաբար է անդրադառնում այսպես կոչված սթրեսի հորմոնը՝ կորտիզոլը, որը մեծ քանակությամբ արտազատվում է նյարդային վիճակներում, սովի կամ ֆիզիկական ուժի ավելացման ժամանակ: Խորհուրդ է տրվում քնել առնվազն յոթ ու կես ժամ, քնել ոչ ուշ, քան ժամը 11-ը»,- պարզաբանել է մասնագետը։