fbpx
Կառավարություն

Շուրջ 11 վիրավոր զինվորի համար աճեցվել են տիտանե պրոթեզներ

Սեպտեմբերի 20-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը ներկա է գտնվել Հայաստանի առողջապահության ոլորտում թվային տեխնոլոգիաների կիրառման և զարգացմանն ուղղված «Հիբրիդ» լաբորատորիա (Medical&Health), DDC (Digital Diagnostic center) և MDS (Medical Dental Shop) կենտրոնների պաշտոնական բացմանը:

«Արտակ Ջումայանը շրջել է կենտրոնի տարածքում, ծանոթացել աշխատանքներին: Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել կատարվող աշխատանքի համար և ընդգծել, որ հետպատերազմյան ժամանակաշրջան ապրող երկրի համար առավել քան կարևոր է նմանատիպ գործունեությունը:

ՀՀ առողջապահության նախարարությունից նշում են, որ ի սկզբանե երեք կենտրոնների համատեղ ծրագրի նպատակն է եղել պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող բոլոր զինծառայողների համար ֆրանսիացի գործընկերների հետ միասին անվճար պրոթեզավորում իրականացնելը: Արդյունքում՝ շուրջ 11 վիրավոր զինվորի համար արդեն աճեցվել են տիտանե պրոթեզներ: Նրանք բարեհաջող վիրահատվել են, վերադարձել բնականոն կյանքի:

Կենտրոնը միավորում է տարբեր ոլորտների մասնագետների՝ վնասվածքաբան-օրթոպեդներ, բժիշկ-նյարդավիրաբույժներ, դիմածնոտային բժիշկներ, բժիշկ ստոմատոլոգներ, ինժիներներ, ատամնատեխնիկներ:

«Հիբրիդ» լաբորատորիան լազերային աճեցման նորագույն տեխնոլոգիայով տիտանից հոդային գլխիկներ, իմպլանտներ, և պրոթեզներ է արտադրում՝ վերջույթներ կորցրած, շարժական ապարատի, դիմածնոտային և գանգուղեղային խնդիրներ ունեցող անձանց համար:
DDC կենտրոնը, հագեցած է գերժամանակակից թվային տեխնոլոգիաներով և հմուտ անձնակազմով: Թվային տեխնոլոգիաները թույլ են տալիս պացիենտի ֆիզիկական պատկերից ստանալ վիրտուալ պատկեր՝ մաքսիմալ ճշգրտությամբ: Կենտրոնում կատարվում է դիմածնոտային թվային ախտորոշում, թվային օրթոպեդիա և օրթոդոնտիա, իմպլանտացիայի թվային պլանավորում, լաբորատոր նմուշառում:
MDS (Medical Dental Shop) կենտրոնն ապահովում է եվրոպական առաջատար ընկերությունների հետ կապը՝ ներկայացնելով լավագույն սարքավորումներն ու ապրանքատեսականին:

Այսօր վիրավոր զինծառայողներին օգնելուց բացի՝ ծրագիրը նպատակ ունի Հայաստանը դարձնելու նորագույն տեխնոլոգիա կիրառող տարածաշրջանային կենտրոն, ինչը կնպաստի առողջապահական տուրիզմի զարգացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ