fbpx
Իրավական

Ոչ մի կոռումպացված պաշտոնյա չի կարող գիշերը հանգիստ քնել. վարչապետի ելույթը ԲԴԽ նիստին

Բարձրագույն դատական խորհուրդն ամփոփում է իր գործունեության վերջին 1 տարին: Ներկա է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանն իր ելույթի ընթացքում նշեց, որ անկախության հռչակման առաջին օրից խոսել ենք անկախ դատական համակարգ ունենալու մասին, բայց այդպես էլ չենք կարողացել ունենալ այնպիսի դատական համակարգ, որը կապահովի արդարությունը երկրում, օրինականությունը, հակակշիռների և փոխզսպումների մեխանիզմը:

Նա ընդգծեց, որ Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունների և դրանք ինստիտուցիոնալ առումով ամրագրելու համար առանցքային նշանակություն ունի անկախ դատական համակարգի գոյությունը:

«Չեմ ուզում խոսել անցյալի մասին, ուզում եմ խոսել այսօրվա և ապագայի մասին, որ երաշխավորում եմ մի բան, որ Հայաստանում հաստատված քաղաքական իշխանության համար, անկախ, իրապե´ս անկախ, ոչ թե թղթի, վերնագրի, հայտարարության մեջ, այլ իրապես անկախ դատական համակարգ ունենալը բացարձակ առաջնահերթություն է, և այդ հարցը եղել է մեր օրակարգում առաջին օրից: Ուզում եմ ևս մեկ անգամ հավաստիացնել և հայտարարել, որ ՀՀ Կառավարությունը հրաժարվել է ենթադրաբար գոյություն ունեցող այն գործելակերպից, երբ քաղաքական իշխանությունը, գործադիր իշխանությունը փորձում է որոշումներ պարտադրել կամ միջամտել դատական իշխանության համակարգի գործունեությանը:

Սա կարևոր արձանագրում է, և ուզում եմ բոլորս լուրջ վերաբերվենք դրան: Եթե հանկարծ գտնվեն մարդիկ, որ կփորձեն գործել այս տրամաբանությունից դուրս, նշանակում է` գործում են կառավարության դեմ և Հայաստանի ժողովրդի դեմ: Շատ կարևոր է, որ ՀՀ դատական համակարգը կարողանա օգտվել այս հնարավորությունից, որի համար հարկավոր է, որ լինեն դատավորներ, ովքեր պատրաստ են իրենց վրա վերցնել այս պատասխանատվությունը և պատրաստ են գործել օրինականության, արդարության, իրավունքի շրջանակներում:

Այս իրավիճակը ապահովելու համար հարկավոր է նաև 2 պայման, որ համակարգից իսպառ վերանա կոռուպցիան:

Ես հայտարարում եմ, որ ոչ մի կոռումպացված պաշտոնյա չի կարող գիշերը հանգիստ քնել: Նա պետք է իմանա, որ արդարադատությունը, պայմանականորեն ասած ժողովուրդը, գալու է իր հետևից, եթե ոչ այսօր, ապա վաղը, եթե ոչ վաղը, ապա մյուս օրը»,- ավելացրեց ՀՀ վարչապետը:

Վարչապետ նաև հավելեց որ, այսօր պատմական շանս ունենք Հայաստանում ունենալ իսկապես անկախ դատական համակարգ և չկա որևէ խոչընդոտ` այդ հաղթանակն արգելակելու համար:

«Հույս ունեմ, որ այսօրվա այդ շանսը կօգտագործվի: Այլ բան է, թե ովքեր են, որ կնպաստեն և ովքեր են, որ կխանգարեն այդ շանսի իրականացմանը: Եթե խանգարողներ չլինեն, կհասնենք շատ արագ ու արդյունավետ, իսկ եթե պարզվի, որ խանգարողներ կան, ստիպված կլինենք սկզբից լուծել խանգարողների և հետո միայն նոր անկախ դատական համակարգի հարցը»,- իր խոսքը եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ