Չնախաճաշելը կամ նախաճաշին սպիտակուցներով հարուստ մթերք չուտելը բարձրացնում է քաշի ավելացման հավանականությունը, հայտնում է Ռոսպոտրեբնադզորը։
Հրապարակման համաձայն՝ նախաճաշին կրուասաններ ու այլ թխուկներ ուտելը կարող է դառնալ քաշի ավելացման պատճառ։ Բանն այն է, որ նման մթերքը «դատարկ» կալորիաների ու «արագ» ածխաջրերի աղբյուր է։ Դրանք արագ յուրացվում են ու հանգեցնում արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ բարձրացման, սակայն քաղցի զգացումը շատ արագ վերադառնում է։
Սա է պատճառը, որ նախաճաշին հարկավոր է ուտել մթերք, որը հարուստ է սպիտակուցներով, մանրաթելերով ու օգտակար ճարպերով։ Օգտակար ու հագեցնող նախաճաշ կարող են լինել ամբողջահատիկ հացով ու ջեռոցում պատրաստված հավի կրծքամսով կամ ձկով սենդվիչը, խաշած հավկիթն ու բանջարեղենը կամ ընկույզներով ու հատապտուղներով շիլան։
Վտանգավոր կարող է լինել նաև չնախաճաշելը, քանի որ դա կարող է հանգեցնել սննդի չարաշահման ու մետաբոլիկ գործընթացների խանգարման, իսկ օրգանիզմը չի ստանա արդյունավետ օրվա համար անհրաժեշտ բավարար քանակությամբ էներգիա։