ՀՀ բնապահպանության նախարարությունը մարտի 21-ին կառավարության քննարկմանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Ընթացիկ իրավիճակը հետևյալն է. վերջին տարիներին փոքր հիդրոէլեկտրակայանների զարգացմանը զուգընթաց դրանց կառուցման և շահագործման ընթացքում առաջացել են էկոլոգիական ու սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ, որոնք ոլորտը դարձրել են բարձր ռիսկայնության և հրատապ լուծում են պահանջում: Փոքր հիդրոէլեկտրակայանների շինարարությունն էական վնաս է հասցնում բնությանը, իսկ դրան զուգընթաց նկատվում է կենսաբազմազանության կորուստ, վտանգվում են Կարմիր գրքում գրանցված բուսական և կենդանական տեսակները, գետերը ծանրաբեռնվում են դերիվացիոն խողովակներով և հայտնվում ճգնաժամային վիճակում:
Ստեղծված բնապահպանական խնդիրները լուծելու, ջրօգտագործման ժամանակ ջրաէկոհամակարգի պահպանությունը և հավասարակշռությունն ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել սահմանել փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման համար արգելված գոտիները և գետերի ցանկը, որոնք կկանխարգելեն շրջակա միջավայրի վրա փոքր հիդրոէլեկտրակայանների վնասակար ազդեցությունները:
Նախագծով առաջարկվեց ՀՀ ջրային օրենսգրքի 30.1 հոդվածը լրացնել նոր մասերով, որոնցով ամրագրվել են փոքր ՀԷԿ-երի կառուցման և շահագործման համար արգելված գոտիները և ելնելով բնապահպանական առանձնահատկություններից՝ նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայաններին տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժման հիմքերը:
Կառավարությունը հաստատեց այս նախագիծը: