Ոստիկանության Տավուշի մարզային վարչության, Դիլիջանի բաժնի և ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հունիսի 6-ին Սայաթ-Նովայի փողոցում՝ նախկին հացի գործարանի տարածքում գտնվող 38-ամյա մի տղամարդու պատկանող փայտամշակման արտադրամասի տարածքից բաժին են տեղափոխել Թեղուտ գյուղի 42-ամյա մի բնակչի վարած «ԿամԱԶ-43101» մակնիշի բեռնատարը՝ բարձած 11 հատ տարբեր տեսակների և տրամագծերի 2,2 մետր երկարությամբ փայտանյութով: Հայտնաբերման ժամանակ մեքենայի հետնամասում՝ գետնին ընկած առկա է եղել նույնատիպ ևս երկու փայտանյութ: Ըստ վարորդի բանավոր հայտարարության՝ փայտանյութը պատկանում է իրեն, և այն ձեռք է բերել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքից:
Նյութերի նախապատրաստման ընթացքում փայտամշակման արտադրամասի զննությամբ հայտնաբերվել են տարբեր տրամագծերի 2,2 մետր երկարությամբ երկու գերան, հաճարենու տարբեր հաստությունների և լայնությունների ընդհանուր՝ 3,4 խմ տախտակ: Արտադրամասի տերը հայտնել է, որ տախտակները պատկանում են իրեն, ձեռքբերման վերաբերյալ փաստաթղթերը կներկայացնի հետագայում, իսկ գերանները պատկանում են ընկերոջը:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Նախապատրաստվում են նյութեր:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: