fbpx
Խորհրդարան

Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն նախարարություն չեն դառնա, բայց կմտնեն ԱԺ վերահսկողության տակ. վարչապետ

Պետական մարմինները պետք է լինեն խորհրդարանական վերահսկողության ներքո, բայց դա չի նշանակում, որ դրա համար պարտադիր է, որ դրանք դառնան նախարարություններ։ Ոստիկանության և ԱԱԾ-ի՝ վարչապետի ենթակայությոսւնից հանվելու մասին հարցին այսօր այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ի՞նչ է նշանակում նախարարություն ոստիկանության պարագայում։ Նշանակում է, որ քաղաքական դեմք պետք է նշանակվի այդ ուժային կառույցի ղեկավար։ Սրանից բխում է, որ այդ ուժայինյ կառույցը ուղղակիորեն կամ անուղղակիորեն կուսակցականացվելու է»,- նշեց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ այսօրվա կարգավորումների պայմաններում որոշակիորեն պահպանվում է ոստիկանության ու մյուս իրավապահ համակարգերի կայունությունը, և այնտեղ կադրային փոփոխությունները լինում են շատ բալանսավորված ու հանգիստ, որ կայունությունն ու երկրի անվտանգությունը չխաթարվի։

«Նախարարի դեպքում նշանակում է՝ հայեցողական պաշտոն է, կարելի է ցանկացած մեկին նշանակել այդ ուժային կառույցի ղեկավար։ Այս (գործող – խմբ) պարագայում կան որոշակի չափանիշներ՝ ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոնյա պետք է լինի, ոստիկանությունում աշխատած և այլն, այսինքն՝ սա որոշակի բալանսավորված մոտեցման է բերում»,- ասաց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է խորհրդարանական վերահսկողության հաստատմանը, Փաշինյանը նշեց, որ իրենք հավատարիմ են այս գաղափարին։ Նա օրինակ բերեց նաև այն, որ ԱԱԾ տնօրենն անձամբ է գնացել խորհրդարան՝ բյուջեի քննարկումներին մասնակցելու, ինչը, ըստ նրա, մինչ այդ չի եղել։

Հայտնում է shantnews.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ