fbpx
Մարզեր

Ոստիկանությունը միշտ էլ օրվա իշխանության ծառայողն է․ Գարիկ Սարգսյան

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հերքում է լուրերն այն մասին, թե ինքն անձնական խնդիրներից ելնելով է դադարեցնել Նորաշեն համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանի լիազորությունները:

Նրա խոսքով՝ ոչ մի խնդիր չի եղել, Գրիգորյանն էլ կարող է փաստել։

«2016 թվականի սեպտեմբերի 18-ին մենք նույն օրն ենք ընտրվել համայնքի ղեկավար։ Ծանոթացել ենք մարզպետարանում, ունեցել ենք շատ լավ հարաբերություններ, դեռևս 2017 թվականին երբ մահափորձ էր իրականացվել Նորաշենի համայնքապետ Նորայր Գրիգորյանի նկատմամբ, ես իրեն զանգել եմ, որպիսությունը հարցրել եմ։ Հեղափոխության օրերին ես նրան կոչ եմ արել միանալ հեղափոխությանը, մեր հարաբերությունները շատ լավ են եղել։ Հեղափոխությունից հետո, երբ նշանակվել եմ մարզպետ, կրկին ջերմ հարաբերություններ ենք ունեցել, իսկ թե ինչն է հարաբերությունների լարման պատճառը եղել, մենք միջանձնային որևէ խնդիր չունենք, կոնֆլիկտ չկա։ Ես զուտ որպես մարզպետ միշտ պահանջել եմ նրանից՝ հաշվետու լինել ավագանու առաջ։ Եռամսյակային հաշվետվությունը կամ տարեվերջյան բյուջեի կատարողականը պատշաճ ներկայացնել ավագանուն, ոնց որ ավագանին պահանջել է։ Այդ ամենի փաստող գրությունները կան, թե ինչպես են ավագանիները դիմել մարզպետարան, մենք դիմել ենք համայնքի ղեկավարին, սակայն նրա կողմից օրենքով պահանջվող իր պարտականությունները չի կատարել»,- այսօր՝ հոկտեմբերի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց մարզպետը։

Մարզպետը հերքեց նաև այն տեղեկությունը, թե ինքը Նորաշենի նախկին համայնքապետին առաջարկել է դառնալ ՔՊ կուսակցության անդամ։

«Շատ համայնքների ղեկավարներ մեծ ցանկություն կունենային նաև այսօր լինել ՔՊ կուսակցության անդամ, բայց իմ և մեր քաղաքական ուժի կողմից ոչ մի համայնքի ղեկավարի նման առաջարկ հեղափոխությունից հետո չի եղել։ Արարատի մարզում հեղափոխությունից հետո չկա մեկ համայնքի ղեկավար, որ կասի դարձել է ՔՊ կուսակցության անդամ»։

Ճշտող հարցին՝ այսինքն ցանկություն ունեն, սակայն իշխանությունը ընդառաջ չի գնո՞ւմ, մարզպետն ասաց. «Ուղղակի մեկ օրվա հարց չէ, մարդիկ իրենց քաղաքական հետագծով և իրենց արժեքային համակարգով, իրենց գաղափարներով պետք է հարեն այդ կուսակցությանը, որպեսզի մաս դառնան մեր կուսակցության»։

Հարցին՝ նախկին հանրապետականներ են նշանակվել նաև գործող իշխանության օրոք, արդյո՞ք երկակի ստանդարտներ են գործում, և այդ դեպքում, ինչպես նախկին ոստիկանապետ Հունան Պողոսյանը նշանակվեց Սյունիքի մարզպետ, Գարիկ Սարգսյանն ասաց.

«Ուսադիր կրողը չի կարող լինել կուսակցության անդամ։ Այդ թվում Հունան Պողոսյանը, նա Հանրապետական կուսակցության անդամ չի եղել։ Նա եղել է ՀՀ ոստիկան, սպա, գեներալ, և պետք չէ կապել դա Հանրապետական կուսակցության հետ»։

Դիտարկմանը, երբ գործող իշխանությունը ընդդիմություն էր, ասում էր, որ ոստիկանը ծառայում է օրվա իշխանությանը, մարզպետը նշեց.

«Ոստիկանությունը միշտ էլ օրվա իշխանության ծառայողն է, ժողովրդի ծառայողն է, և եթե ժողովուրդը իր մեծամասնության քվեն տվել է իշխանությանը, ապա ծառայելով իշխանությանը՝ ծառայում են ժողովրդին։ Մեծ լեգիտիմությունը ունեցող իշխանությունը ժողովուրդն է»։

Հարցին՝ արդյոք հնարավոր է Նորաշենում կատարված դեպքերի վերաբերյալ ինքը հրաժարական ներկայացնի, մարզպետն ասաց, որ նման մտադրություն չունի. «Եթե մենք ապրում ենք իրավական երկրում, Տեղական ինքնակառավարման օրենքն ասում է, որ համայնքի ղեկավարը պարտավոր է ամեն 2 ամիսը մեկ ավագանու նիստ հրավիրել, իսկ 6 ամիս չհրավիրելու դեպքում նրա լիազորությունները դադարեցվում են օրենքի ուժով, և մենք այդպես էլ վարվել ենք»։

Դիտարկմանը, Եթե նիստեր չի հրավիրել, ապա ինչպես է նիստերի արձանագրությունները հայտնվել մարզպետարանի կայքում, մարզպետն ասաց, որ դրա վերաբերյալ իրենք համայնքապետարանում կատարել են ուսումնասիրություններ, և պարզվել է, որ այդ նիստերը հրավիրված չեն եղել պատշաճ կարգով. «Իրենց հրավիրելը ես չէի համարի պատշաճ նիստեր հրավիրել, որովհետև նիստեր հրավիրում են 1 շաբաթ առաջ, ավագանուն ցանուցում են պատշաճ, նիստի օրակարգը 3 հազարից ավելի բնակչություն ունեցող համայնքապետարանի կայքում տեղադրվում է համակարգային հարցերը։ Դրանից հետո տեղադրվում են նաև նիստի արձանագրությունները և որոշումները, որը համայնքի ղեկավարը չի կատարել։ Եվ այդ արդյունքներն էլ ներկայացրել ենք լիազոր մարմնին»։

Նա ասաց, որիր կողմից նշանակված ժամանակավոր պաշտոնակատարն արդեն իր լիազորությունների մեջ է, կատարում է իր պարտականությունները, և համայնքում բնականոն պրոցեսներ են։

Հարցին՝ արդյոք Կառավարությունը գոհ է իր աշխատանքից, մարզպետն ասաց.

«Մեր աշխատանքի գնահատականը տրվում է տարեվերջում, մեր կատարած աշխատանքների ամփոփ մենք հաշվետվություն ենք ներկայացնում Կառավարություն, մեր առջև դրված խնդիրները եթե պատշաճ կատարված են լինում։ Այդպիսի կարգ չկա, որ հրապարակային գնահատական տրվի»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ