fbpx
Հասարակություն

«Վրաստանի հայ համայնքը» պահանջում է Թբիլիսիում ապրիլի 24-ին տեղի ունեցածին համապատասխան գնահատական տալ

Akhaltskha.net-ը գրում է․

«Վրաստանի Հանրապետության իշխանության ներկայացուցիչների և Վրաստանում Թուրքիայի դեսպանատան կողմից Վրաստանի քաղաքացիների Սահմանադրական իրավունքների կոպիտ խախտման կապակցությամբ Վրաստանի Հայ Համայնքի դիմումը.

Ապրիլի 24-ը հայ ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է։ Երկար տարիների ընթացքում Թբիլիսիում՝ Թուրքիայի դեսպանատան հարակից տարածքում ապրիլի 23-24-ին Վրաստանի հայ համայնքը ավանդական կերպով բողոքի գործողություններ է անցկացնում՝ Թուրքիային կոչ անելով ճանաչել 1915-23թթ․ կատարած հանցագործությունը։

Վրաստանում գործող օրենսդրության համաձայն՝ Վրաստանի հայ համայնքը այս տարի ևս Թբիլիսիի քաղաքի իշխանություններին տեղեկացրել է Վրաստանում՝ Թուրքիայի դեսպանատան հարակից տարածքում ծրագրվող՝ հայ ժողովրդի ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումների անցկացման մասին։
Ապրիլի 24-ին նշված ժամին ժամանելով Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան հարակից տարածք՝ Վրաստանի hայ hամայնքը՝ Վրաստանի քաղաքացիները, հայտնաբերեցին, որ տվյալ տարածքում Վրաստանում Թուրքիայի դեսպանատան կողմից կազմակերպված ինչ-որ միջոցառում է անցկացվում։ Ինչի արդյունքում Վրաստանի hայ hամայնքը զրկվել է հնարավորությունից օգտվել Վրաստանի Սահմանադրության կողմից արտոնված իր իրավունքից՝ անցկացնել նախապես հայտարարված միջոցառումը ծրագրված վայրում և ծրագրված ձևաչափով։
Ապրիլի 24-ը միլիոն ու կեսից ավելի գազանաբար սպանված անմեղ զոհերի հիշատակի օրն է, և ինչպիսի իրավաբանական եզրույթով էլ, որ անվանվի այդ ողբերգությունը, հիշատակի միջոցառումներին զուգահեռ տոնական կրկես կազմակերպելը, որը 2019թ․-ի ապրիլի 24-ին կազմակերպեց Վրաստանում Թուրքիայի դեսպանատունը, ծայրահեղ անբարոյական քայլ է հանդիսանում, որն արժանի է դատապարտման։

Խիստ դատապարտման են արժանի նաև Վրաստանի բոլոր այն պետական պաշտոնյաների գործողոթյունները, որոնք աջակցություն են ցուցաբերել Թուրքիայի դեսպանատանը Վրաստանում այդ կրկեսային ներկայացումը կազմակերպելու մեջ։ Մարդիկ, որոնց ուղղակի պարտականությունն է հանդիսանում ծառայել Վրաստանի քաղաքացիներին, խախտեցին իրենց իսկ պետության օրենսդրությունը, անտեսեցին քրիստոնեական բարոյականությունը և աջակցեցին անմեղ զոհերի հիշատակին նվիրված ցույցը ծաղրող միջացառման անցկացման կազմակերպմանը։ Տվյալ անօրինական գործողությամբ Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչները ծանր վիրավորանք են հասցրել ոչ միայն ցույցի մասնակիցներին՝ Վրաստանի՝ ազգությամբ հայ հարյուր հազարավոր քաղաքացիներին, այլև հենց վրաց պետությանը, բոլոր անմեղ զոհերի ընտանիքներին ու նրանց հիշատակին՝ անկախ նրանց ծագումից։

Առաջնորդվելով Վրաստանի Սահմանադրությամբ և «Ցույցերի և երթերի մասին» օրենքով՝ կոչ ենք անում․

ա) Վրաստանի Արտաքին Գործերի նախարարությանը, արտաքին գործերի հարցերով խորհրդարանական հանձնաժողովին՝ ուսումնասիրել 2019թ․-ի ապրիլի 24-ին Վրաստանում Թուրքիայի դեսպանատան կողմից Վրաստանի քաղաքացիների Սահմանադրական իրավունքների խախտման փաստը։ Կատարվածին համապատասխան գնահատական տալ և անհրաժեշտ դիվանագիտական քայլեր ձեռնարկել։ Դատապարտել օտար պետության՝ Վրաստանի քաղաքացիների սահմանադրական իրավունքները ոտնահարելու փաստը։

բ) Վրաստանի Ներքին Գործերի նախարարությանը՝ հետաքննել, թե ով և ինչի հիման վրա է որոշում կայացրել թուլատրել Վրաստանում Թուրքիայի դեսպանատանը զուգահեռ միջոցառում անցկացնել նույն տարածքում, նույն ժամին, ինչը որ նշված է եղել Վրաստանի Հայ Համայնքի ծանուցման մեջ՝ դրանով իսկ խանգարելով Վրաստանի քաղաքացիների օրինական և Սահմանադրական իրավունքների իրականացմանը։ Ձեռնարկել համապատասխան իրավական արձագանք։

գ) Վրաստանի տարածքում գործող բոլոր քաղաքական կուսակցություններին և միջազգային կազմակերպություններին՝ խիստ դատապարտել Վրաստանում Թուրքիայի դեսպանատան կողմից «Դիվանագիտական հարաբերությունների մասին» Վիեննայի հռչակագրի հիմնարար նորմերի և Վրաստանի քաղաքացիների Սահմանադրական իրավունքների խախտման փաստերը։

դ) Վրաստանի Կառավարությանն ու նախագահին՝ դատապարտել Վրաստանի քաղաքացիների՝ ազգային փոքրամասնությունների Սահմանադրական իրավունքների ոտնահարման փաստը, ձեռնարկել գործնական քայլեր Վրացական պետության առանց բացառության բոլոր քաղաքացիների հիմնարար իրավունքների և ազատության պաշտպանության վերաբերյալ։

ե) Վրաստանում Թուրքիայի դեսպանատանը՝ հրապարակային ներողություն հայցել Վրաստանի քաղաքացիներից և դադարեցնել Վրաստանի քաղաքացիների հանդեպ՝ իրենց իսկ պետության տարածքում խտրականության և հետապնդման քաղաքականություն վարելը», – նշված է հայտարարության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ