Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը հայտնում է, որ երկրի վարչապետի գլխավորությամբ այսօր տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել միջգերատեսչական համակարգող խորհրդի հերթական նիստը, որում քննարկել են սահմանափակումների վերացման ընթացքը և այդ գործընթացի հնարավոր ազդեցությունը համաճարակաբանական իրավիճակի վրա:
«Կառավարության որոշմամբ, առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգով և չափորոշիչներով, բացվել են գեղեցկության սրահները և էսթետիկ բժշկության կենտրոնները, բացի այդ, վերացել է հանրային վայրում երեք անձից ավել հավաքի վրա գործող սահմանափակումը, չնայած դրան, ուժի մեջ է մանում հանրային վայրում 10 հոգուց ավել հավաքի վրա հաստատված արգելքը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ ուժի մեջ է մնում տրանսպորտային միջոցներով տեղաշարժման կապակցությամբ գործող սահմանափակումը, մասնավորապես, արգելվում է ավելի քան 3 մարդու (ներառյալ վարորդի) տեղաշարժը: Ուղևորները պետք է պարտադիր նստած լինեն վարորդի հետևի մասում:
Այսօրվա տվյալներով՝ Վրաստանում կա կորոնավիրուսով վարակման 701 հաստատված դեպք, որից 432 մարդ արդեն բուժվել է: Արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 3 մարդ: Կորոնավիրուսից մահացել է 12 քաղաքացի:

