fbpx
Իրավական

«Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կվերականգնենք դատական համակարգի հանդեպ հասարակության վստահությունը»,- Արտակ Զեյնալյան

Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը մշտապես իր աջակցությունն է ցուցաբերել Հայաստանի դատաիրավական բարեփոխումների իրականացման աշխատանքներին։ «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի փակման արարողությանն ունեցած ելույթում ասաց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, հայտնում է panorama.am-ը։

«Խոսքերիս վառ ապացույցը 2017 թվականի մայիսից Եվրոպայի խորհրդի կողմից մեկնարկած այս ծրագիրն է, որի նպատակն էր նպաստել Հայաստանում դատական իշխանության անկախության ամրապնդմանը, իրավական ընթացակարգերի արդյունավետության բարձրացմանը, արդարադատության մատչելիության ապահովմանը»,- նշեց նախարարի պաշտոնակատարը։

Նա նշեց, որ ծրագրի շրջանակում Եվրոպայի խորհուրդն աջակցել է Դատական օրենսգրքի մշակման աշխատանքներին, դատական իշխանության ինքնակառավարման մարմինների կարողությունների հզորացմանը, արբիտրաժի և հաշտարարության ինստիտուտների կատարելագործմանը:

Ա. Զեյնալյանը հիշեցրեց, որ արդարադատության նախարարության կողմից մշակվել և ներկայում վերանայման փուլում է գտնվում 2019-2024 թվականների դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի նախագիծը։

««Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի շրջանակներում Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետները գնահատել են դատական և իրավական բարեփոխուների ծրագրի նախագիծը՝ վերլուծելով ռազմավարության հիմնական նպատակները, թիրախները, գործողությունների իրականացման ժամանակահատվածը, ֆինանսական պարտավորությունները, ինչպես նաև գործողությունների ծրագրում ներառված միջոցառումների համապատասխանությունը Եվրոպական միության գնահատողական խմբի կողմից ներկայացված առաջարկություններին»,- ասաց նա։

Ա. Զեյնալյանի խոսքով, մեծապես կարևորելով իրենց գործընկերոջ կողմից իրականացված աշխատանքը, վստահ է, որ ներկայացված փաստաթղթում տեղ գտած առաջարկությունները կամրագրվեն Հայաստանի 2019-2024թթ. դատաիրավական բարեփոխումների ծրագրում:

«Եվս մեկ անգամ վստահություն եմ հայտնում և վերահաստատում 2018 թվականի ապրիլ-մայիսի ընթացքում Հայաստանում թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո ձևավորված կառավարության հանձնառությունը՝ արդարադատության ապահովման և իրավունքի գերակայության ամրապնդման վերաբերյալ, վստահ եմ, որ համատեղ ջանքերով կվերականգնենք դատական համակարգի հանդեպ հասարակության վստահությունը, կփորձենք արմատախիլ անել  կոռուպցիան, կբարելավվենք մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության վիճակը»,- ասաց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ