fbpx
Խորհրդարան

Վտանգ չկա, որ նման ներքին տեղեկությունները կարող են Հայաստանից Բաքվում հայտնվել. Վանեցյան

Հունիսի 20-ին Ազգային ժողովի նիստում ՀԱՊԿ երկրների միջև տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության մասին պայմանագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, պատասխանելով պատգամավորների հարցերին այն մասին, թե արդյոք չկա՞ն սպառնալիքներ, որ երկրի վերաբերյալ որոշ տեղեկություններ կարող են հայտնվել Ադրբեջանում, ասաց, որ փաստաթուղթը ենթադրում է տեղեկությունների փոխանակում, երկրների համապատասխան կառույցների միջև համակարգում տեղեկատվական անվտանգության ոլորտում:

Պատգամավորները վկայակոչեցին այն, որ ՀԱՊԿ որոշ երկրներ Բաքվի հետ համագործակցում են միջազգային իսլամական կազմակերպությունների գծով:

Ի պատասխան՝ Վանեցյանը հավաստիացրեց, որ նման սպառնալիք չկա: Նրա խոսքով՝ խոսքը տեղային և փակ համակարգի մասին է, որը կարող է օգտագործվել բացառապես ՀԱՊԿ անդամ երկրների կողմից, իսկ կազմակերպության անդամ չանդիսացող երկրներն այնտեղ մուտք ունենալու հնարավորություն չունեն: «Իհարկե, մենք չենք կարող ամբողջությամբ բացառել ուրիշների կողմից տեղեկություններն օգտագործելու լռելյայն համաձայնությունը: Բայց պետք է բոլոր ջանքերն օգտագործենք, որպեսզի նման դեպքեր չլինեն»,- հավելեց նա:

ԱԱԾ պետը նաև պարզաբանեց, որ տեղեկատվական անվտանգության այս համակարգը չի ինտեգրվի Հայաստանի պետական հաստատություններին, ինչը հստակ ամրագրված է համաձայնագրում: «Այնպես որ՝ վտանգ չկա, որ նման ներքին տեղեկությունները կարող են Հայաստանից Բաքվում հայտնվել»,- եզրափակեց ԱԱԾ ղեկավարը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ