Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի առաջին փոխնախագահ Յուրգեն Ռիգտերինկի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար կարևորագույն գործընկերներից մեկն է, ինչը պայմանավորված է ոչ միայն համագործակցության ֆինանսական բաղադրիչով, այլև այն փիլիսոփայությամբ, որ կազմակերպությունը բերում է Հայաստան՝ դրանով իսկ նպաստելով ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածի զարգացմանը: Ըստ փոխվարչապետի՝ ՎԶԵԲ-ի հետ համագործակցության մակարդակը բավականին բարձր է, և առկա են անհրաժեշտ նախադրյալները՝ առաջ մղելու և արդյունավետ իրականացնելու բոլոր համատեղ ծրագրերն ու գաղափարները: Փոխվարչապետը կարևորել է ՎԶԵԲ-ի հետ համագործակցությամբ տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը և առանձնակի շեշտադրել Հայաստանում կապիտալ շուկայի զարգացմանը նպաստող քայլերի կարևորությունը:
ՎԶԵԲ փոխնախագահը, շնորհակալություն հայտնելով ընդունելության և ջերմ խոսքերի համար, շնորհավորել է Կառավարությանը վերջին տարվա ընթացքում ունեցած ձեռքբերումների առիթով՝ մասնավորապես շեշտելով ժողովրդի կողմից շոշափելի հաջողությունների կարևորությունը: Յուրգեն Ռիգտերինկը հայտնել է ՎԶԵԲ պատրաստակամությունը մաս կազմելու այս բոլոր հաջողությունների և նպաստելու Հայաստանի հետագա զարգացմանը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության առանցքային ուղղությունների, մասնավորապես՝ ենթակառուցվածքային ծրագրերի և դրանց հեռանկարի շուրջ: Երկուստեք կարևորվել է Հայաստանում առկա մակրոտնտեսական կայունությունը ներդրումային բարենպաստ միջավայր ունենալու տեսանկյունից:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության պաշտոնական կայքից։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, ՎԶԵԲ պատվիրակությանը ընդունել էր նաև Տիգրան Ավինյանը։