fbpx
ՏՏ

Wikipedia-ի համահիմնադիրը մտահոգված է Facebook-ի և Twitter-ի գերիշխող դիրքով

Wikipedia-ի համահիմնադիր Լարրի Սենգերը դժգոհ է, թե համացանցն ինչպես է զարգացել վերջին 2 տասնամյակներին:

«Անկեղծորեն սարսափելի է»,- ասել է նա CNBC-ի հետ հարցազրույցում:

Սենգերի մտահոգությունն են հարուցում հիմնականում սոցցանցերը, հատկապես Facebook-ը և Twitter-ը: Նրա խոսքով՝ այս ընկերությունները օգտատերերի անձնական տվյալներն օգտագործում են գաղտնիության և անվտանգության «զանգվածային խախտումների» հաշվին շահույթ ստանալու համար:

«Նրանք կարող են ձևավորել ձեր փորձը, նրանք կարող են վերահսկել այն, ինչ դուք տեսնում եք, երբ եք տեսնում, և դուք նրանց մեքենայի պտուտակն եք դառնում»,- ասել է նա:

Սենգերն այս շաբաթ սոցցանցերում «գործադուլ» է հայտարարել, որպեսզի ուշադրություն հրավիրի այս խնդիրների վրա: «Թվային անկախության մասին հռչակագրում», որը հրապարակվել է նրա անձնական բլոգում, նա նշել է, որ «վիթխարի թվային կայսրությունները» պետք է փոխարինվեն ապակենտրոնացված ցանցերով:

Wikipedia-ի համահիմնադիրը, որը ներկայումս Everipedia կոչվող բլոքչեյնների հանրագիտարանների ցանցի ՏՏ տնօրենն է, առաջին մարդը չէ, ով հարձակվում է խոշոր տեխնոլոգիական ընկերությունների գերիշխանության վրա: Համաշխարհային սարդոստայնի հիմնադիր Թիմ Բյոռներս-Լին վերջերս հրապարակել էր «Պայմանագիր Համացանցի համար» հոդվածը, որում պնդում է, որ ընկերությունները պետք է լրացուցիչ միջոցներ ձեռնարկեն սպառողների գաղտնիության և անձնական տվյալների պաշտպանության համար:

Facebook-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը պլատֆորմում գաղտնիության և անվտանգության առումով, թվում է, անվերջանալի մտահոգություններին պատասխանել է ընկերության իր նոր տեսլականով՝ առանձնացնելով այնպիսի միջոցառումներ, ինչպես հաղորդագրությունների գաղտնագրումը: Սենգերը կասկածի է ենթարկել Ցուկերբերգի մտադրությունների «անկեղծությունը»:

«Համացանցը չէր ստեղծվի այնպիսի մարդկանցով, ինչպիսին Մարկ Ցուկերբերգն է կամ Սիլիկոնային հովտում կորպորացիայի այսօրվա ղեկավարներից որևէ մեկը»,- ասել է նա:

Ընդ որում՝ Սենգերը վստահ չէ, որ օրենսդրությունը լավագույն որոշումն է սանձելու համար այնպիսի ընկերություններին, ինչպիսին են Facebook-ը կամ Twitter-ը: Նրա խոսքով՝ խիստ կանոնները կարող են դժվարեցնել մրցակիցների շուկա դուրս գալը, ինչը վերջնարդյունքում ձեռնտու է խոշոր կորպորացիաներին, ինչպիսին Facebook-ն է: Նա նաև մտահոգություն է հայտնել համացանցում խոսքի ազատության և կոնտենտի կարգավորման կառավարության ջանքերի առումով:

«Եթե կառավարությունը միջամտում է, դա նշանակում է, որ նրա շահերը համընկնում են առանձին մարդկանց շահերին»,- ասել է Սենգերը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ