- Վոնգ Կառ–Վայը (1958) հոնգկոնգցի ռեժիսոր է։ Նրա ֆիլմերը բնութագրվում են իրենց ոչ դինամիկ պատմություններով, մթնոլորտային երաժշտությամբ և վառ կինեմատոգրաֆով, որոնք ներառում են համարձակ, հագեցած գույներ։
Վոնգի ֆիլմերում երևում են բոլոր ազդեցությունները, որոնք հետք են թողել նրա վրա` սկսած մոդեռնիստական վեպերից, մինչև տեղական ֆիլմեր, ժողովրդական մշակույթից, մինչև փոփ մշակույթ։ Բարձր և ցածր, նոր և հին, տեղական ու համաշխարհային՝ այս բոլորը հիանալիորեն համադրվել են և ռեժիսորը նկարահանել է հանճարեղ ֆիլմեր, որոնք միշտ տարբերվել են և եղել յուրօրինակ։
Փոքր տարիքից սկսած Վոնգը դիտել է բազմաթիվ ֆիլմեր, հիմնականում հոնգկոնգյան ժանրային ֆիլմեր և եվրոպական արտ ֆիլմեր։ Նրա վրա ազդեցություն են ունեցել այնպիսի ռեժիսորներ, ինչպիսիք են Սկորսեզեն, Անտոնիոնին, Հիչքոքը, Բերտոլուչին, Նոլանը, Տարանտինոն և Գոդարը։ Բայց հիմնական ազդեցությունը եղել է իր գործընկերոջ՝ Պատրիկ Տամինի ազդեցությունը։
Վոնգը անսովոր մոտեցում ունի ֆիլմի նկարահանման գործում ՝ սկսելով նկարահանումներն առանց սցենարի։ Իր նկարահանման մեթոդով նա շատ նման է ռեժիսոր Ժան–Լուկ Գոդարին։
Նա հիմնվում է բնազդի և իմպրովիզացիայի, այլ ոչ թե նախապես պատրաստված գաղափարների վրա։ Նրան դուր չի գալիս գրելն ու պատրաստի սցենարով նկարահանելը։ Որպես այդպիսին, նա գրում է նկարահանումների ընթացքում՝ ոգեշնչվելով երաժշտությունից, միջավայրից, աշխատանքային ընթացքից և դերասաններից։
Վոնգը հայտնի է արտ կինոնկարներով, որոնք կենտրոնացած են տրամադրության և մթնոլորտի վրա: Նրա ֆիլմերը բաղկացած են բազմաթիվ պատմություններից, արտահայտման տողերից, իմաստներից և ինքնությունից։ Ֆիլմերը լի են համարձակ գույներով և ինքնությամբ։ Կառուցվածքային առումով, Վոնգի ֆիլմերը հաճախ միմյանց հետ փոխկապակցված են պատմություններով: Ռեժիսորի համար սյուժեն այդքան կարևոր չի, ինչքան վիզուալ և լսողական էսթետիկան։
Վոնգի ֆիլմերի վիզուալ ոճը նրա աշխատանքի առանցքային նշանակությունն է, որը հաճախնկարագրվում է որպես գեղեցիկ և եզակի: Հագեցած գույները, օպերատորական աշխատանքը նկարագրում են ռեժիսորի տարբերվող ձեռագիրը։
Ռեժիսորը ունի նկարահանած 10 լիամետրաժ ինքնուրույն ֆիլմ։ Բոլոր ֆիլմերն էլ արժանի են դիտման, բայց այս երեք ֆիլմերը առանձնանում են մյուսներից. Չունցկինյան էքսպրես(Chungking Express, 1994), Սիրային տրամադրություն (In the Mood for Love, 2000) և Իմ հապալասե գիշերները (My Blueberry Nights, 2007):
Չունցինյան Էքսպրես (1994)
Ֆիլմը բաղկացած է երկու պատմությունից։ Առաջինը մի ոստիկանի և իր ընկերուհու մասին է։ Վերջինս բաժանվել է ոստիկանից։ Ոստիկանը որոշում է սպասել 1 ամիս, որ համոզվի իր սիրելիի որոշման լրջության մեջ։ Այդ ընթացքում նա հանդիպում է մի շիկահեր կնոջ, ով արևային ակնոց է կրում և վարում է մութ կյանք։ Վերջում ոստիկանը գնում է սրճարան իր ծննդյան օրը և ընկերանում մատուցողուհի Ֆայայի հետ։
Երկրորդ պատմությունը ևս ոստիկանի մասին է, ումից ևս իր ընկերուհին բաժանվել է։ Վերջինս բորտուղեկցորդուհի էր։ Ֆայան սիրահարվում է այս ոստիկանին և ամենավերջում տեսնում ենք նրան բորտուղեկցորդուհու դերում։
Այսինքն պատմությունն ունի մի քանի գլխավոր հերոս՝ երկու ոստիկան, արևային ակնոցներով և մութ կյանք վարող շիկահեր ու երազկոտ, այս աշխարհից դուրս մատուցողուհի։ Սա, Վոնգ Կառ–Վայի ամենաթեթև, դինամիկ, երգաշատ և սիրառատ ֆիլմերից է, որտեղ կա ամեն ինչ` էսթետիկ հաճույք, լարված հետապնդում և յուրօրինակ սիրո պատմություն։ Երգերը, հերոսներն ու ոչ տրիվիալ իրավիճակները յուրահատուկ համեմունք են մատուցում ֆիլմին։
Սիրային տրամադրություն (2000)
Սիրային տրամադրությունը կինոյի պատմության ամենազուսպ և զգացմունքային սիրային դրամաներից է և ընդգրկված է բոլոր հեղինակավոր կինոցուցակներում: Այս ֆիլմը Վոնգ Կար–Վայի և օպերատոր Քրիստոֆեր Դոյլի նախավերջին համատեղ աշխատանքն է, սակայն բոլոր հատկանիշներով գերազանցում է ռեժիսորի մինչ այդ նկարահանած բոլոր ֆիլմերը: Այս անգամ ռեժիսորը պատմում է այդպես էլ չսկսված հարաբերությունների մասին: Ֆիլմը հաղորդում է թախծի ու գեղեցկության մեծագույն զգացում:
Կար–Վայն օգտագործում է մի շարք հնարքներ` ավելի արտահայտիչ դարձնելու հերոսների միայնությունը. եռացող կյանքի աղմուկը միշտ գալիս է պատի մյուս կողմից, իսկ տեսախցիկը, բացի գլխավոր հերոսներից, հազվադեպ է ուրիշներին ցույց տալիս: Այցեքարտային դարձած տաքսու տեսարանները, հայելու մեջ հերոսների արտացոլանքները, նրբակազմ հերոսուհու սիլուետը և յուրաքանչյուր տեսարանում գույների փոփոխությունները դարձնում են այս ֆիլմը անժամանակ, իկոնիկ արվեստի մի գործ։ Ինչպես նաև ջութակի մեղեդիները, դանդաղեցված կադրերն ու անձրևը փոխարինում են հազարավոր խոսքեր, որոնց առկայությունն անիմաստ կդարձներ չինական այս գլուխգործոցը:
Իմ հապալասե գիշերները (2007)
Այս ֆիլմում ներկա են այնպիսի հայտնի աստղեր ինչպիսիք են՝ Նորա Ջոնսը, Ջուդ Լոուն, Ռեյչել Վայսը, Նատալի Փորթմանը, Չադ Դեվիսը և այլոք: Սյուժեն հետևյալն է.
Ջերեմին գաղթել է Մանչեսթերից և այժմ Նյու Յորքում փոքրիկ սրճարան ունի։ Մի օր Էլիզաբեթը գալիս է սրճարան, որպեսզի գտնի իր ընկերոջը, սակայն Ջերեմին ասում է, որ իր ընկերը դավաճանում է իրեն։ Կինը մնում է սրճարանում ողջ երեկո, ուտում է հապալասե թխվածքաբլիթ, որը Ջերեմին է պատրաստում, հետո նրանք միմյանց պատմում են իրենց կյանքի պատմությունները։ Ջերեմին հիանալի հիշողություն ունի և բացատրում է Բեթին, որ բազում բանալիներ է պահում իր սրճարանում։ Յուրաքանչյուր բանալի ինչ–որ մարդու մի ամբողջ կյանքի պատմություն է ներառում։ Նա պահպանում է բանալիները, որովհետև հուսով է, որ մի օր այդ մարդիկ կվերադառնան իրենց պատմությունների հետևից։ Էլիզաբեթը Ջերեմիի մոտ է թողնում իր բնակարանի բանալին և հեռանում է։
Ֆիլմի իմաստը փոփոխության և կյանքի դժվարին, բայց հետաքրքիր ուղու մեջ է։ Իրական գլխավոր հերոսը Էլիզաբեթն է։ Էլիզաբեթը կորցրել է իրեն. ու՞ր է նա գնում, ի՞նչ է անում և ինչպիսի՞ ապագա է տեսնում իր համար:
Նա խճճված է անորոշության մեջ և չի կարող դուրս գալ դրա միջից, մինչև նրան օգնության ձեռք չմեկնեն. այդպես էլ լինում է նրա հետ: Մարդիկ փոխում են նրան, հետք թողնում նրա կյանքի վրա: Նա սիրահարվում է, հիասթափվում, և ուժ գտնում իր մեջ, որ առաջ շարժվի. ինչ էլ լինի նա այլևս առաջվանը չէ, նա ուրիշ Էլիզաբեթ է:
Ասում են՝ մեր մատնահետքերը չեն խամրում այն կյանքերից, որոնց մենք դիպչում ենք: Էլիզաբեթը շնորհակալ է այդքան շատ մատնահետքերի համար, որոնք նրան դարձրել են այն, ինչ նա կա։
Աննա Մարտիրոսյան