Հոկտեմբերի 21-ին, Facebook-ի իր էջի ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ըստ էության, մենք պետք է գիտակցենք, որ Ղարաբաղի հարցը գոնե այս փուլում և այս փուլից սկսած դեռ երկար ժամանակ դիվանագիտական լուծում չունի:
«Ինչո՞ւ. մենք բազմիցս ենք ասել, որ հարցը փոխզիջումների տարբերակով լուծելու պատրաստակամություն ունենք: Փոխզիջում նշանակում է, որ քո դրած նշաձողից կարող ենք ինչ-որ բան նվազեցնել հանուն լուծման, պայմանով, որ դիմացինն էլ իր առավելագույն նշաձողից ինչ-որ բան պետք է իջեցնի: Բայց պրակտիկան ցույց է տվել, և դա իրականություն է, որ այն ինչ այս տրամաբանությանմեջ ընդունելի է հայկական կողմի համար, այլևս անընդունելի է Ադրբեջանի համար: Այսինքն իրենց ողջ դիվանագիտական մարտավարությունն ու ռազմավարությունը եղել է դա:
Այն ինչի հետ մենք համաձայն կլինենք, դրան արդեն Ադրբեջանը համաձայն չէ: Սա ցույց է տալիս, որ ընդհանրապես, որևէ դիվանագիտական լուծման մասին խոսել անիմաստ է առնվազն այս փուլում»,-ընդգծեց Փաշինյանը:
