fbpx
Լրահոս

Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակում Հայաստանի զինված ուժերին կտրամադրվի 10 մլն եվրո աջակցություն

Եվրոպական խորհրդի՝ արտաքին գործերի նախարարների խորհուրդն այսօր ընդունել է Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերին 10 մլն եվրո աջակցություն տրամադրելու վերաբերյալ:

«ԵՄ-ն առաջին անգամ է որոշում կայացրել Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամից օգնելու վերաբերյալ։ Այս որոշման նպատակն է բարձրացնել Հայաստանի զինված ուժերի նյութատեխնիկական կարողությունները և նպաստել ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում խաղաղ բնակչության պաշտպանության ամրապնդմանը:

Օգնության փաթեթը նպատակ ունի նաև բարձրացնել Հայաստանի դիմակայունությունը և արագացնել նրա զինված ուժերի փոխգործունակությունը՝ միջազգային, այդ թվում՝ ԵՄ ռազմական առաքելություններին և գործողություններին երկրի հնարավոր հետագա մասնակցության դեպքում»,- նշված է խորհրդի հաղորդագրությունում: Աջակցությունը թույլ կտա մեկ գումարտակի համար ապահովել լիարժեք վրանային ճամբար:

ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը նշել է, որ անվտանգությունը Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների բաղադրիչ է, որի կարևորությունն աճում է: «Խաղաղության եվրոպական հիմնադրամի այս միջոցառումը կնպաստի երկրի դիմակայունությանը: Մենք փոխադարձ շահագրգռվածություն ունենք ավելի ընդլայնելու մեր երկխոսությունը արտաքին և անվտանգության քաղաքականության շուրջ՝ նաև դիտարկելով Հայաստանի ապագա մասնակցությունը ԵՄ-ի գլխավորած առաքելություններին և գործողություններին»,- նշել է Բորելը։

ԵՄ խորհրդի հաղորդագրության համաձայն՝ Հայաստանին աջակցությունը տրամադրվում է երկկողմ գործընկերության շրջանակում, որը հիմնված է ընդհանուր արժեքների վրա և ուղղված է Հայաստանում և Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և բարգավաճման խթանմանը։

«ԵՄ-ն հավատարիմ է ընդլայնելու Հայաստանի հետ համապարփակ քաղաքական և տնտեսական գործընկերությունը՝ հիմնված ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վրա, և էլ ավելի ամրապնդելու մեր հարաբերություններն իրենց բոլոր հարթություններում: Դա ներառում է արտաքին և անվտանգության քաղաքականության ոլորտում երկխոսության և համագործակցության ակտիվացում՝ ընդգրկելով նաև անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականությունը»,- նշված է հաղորդագրությունում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ