Խորհրդարաններում միշտ էլ լինում են թեժ քննարկումներ. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ապրիլի 22-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նախորդ շաբաթ խորհրդարանում տեղի ունեցած թեժ քննարկումներին: Նա նշեց, որ խորհրդարաններում միշտ էլ լինում են թեժ քննարկումներ և երբեմն դրանք դուրս են գալիս բովանդակային քննարկումների շրջանակից՝ այլ բնույթ ստանալով:

«Ես փորձեցի կանխել կամ ընդհատել այդպիսի ընթացքը քննարկումների և կարծում եմ, որ իսկապես բոլոր խմբակցությունները պետք է ջանան մնալ բովանդակային քննարկումների շրջանակներում, որը կարող է նաև թեժ լինել: Դա էլ է հատուկ խորհրդարանին, կարող եք ամենահին խորհրդարանների քննարկումներին հետևել, այնտեղ էլ է եղել, նորմալ է»,- ասաց ԱԺ նախագահը:

Լրագրողները հիշեցրեցին, որ նոր իշխանությունը խոստանում էր նոր որակի խորհրդարան, իսկ ԱԺ նախագահը նշեց, որ գուցե փոքր-ինչ շտապելով, բայց վստահ է, որ նոր մշակույթ, կարծես իսկապես ձևավորվել կամ սկսել է ձևավորվել:

Հարց հնչեց նաև նախորդ շաբաթ Ցեմենտի գործարանի շուրջ եղած աղմուկի հետ կապված: Լրագրողները նկատեցին, որ մի ամբողջ խմբակցություն բիզնես շահ է պաշտպանում, շահերի բախում է տեղի ունենում:

«Մտայնությունը իսկապես բարձրաձայնվել է և պետք է հասկանալ ինչքանո՞վ է շահերի բախում: Եթե այդպես է, պետք է որոշակի գործողություններ հետևեն, բայց եթե քաղաքական գնահատական եք ուզում լսել, կոնկրետ խմբակցության, կոնկրետ անձի և բիզնես շահերի մասին, լավ կլինի այլ քաղաքական խմբակցություններից հարցնեք այդ տեսակետը: Իմ մտահոգության առարկան շահերի բախումն է»,- ընդգծեց նա:

ԱԺ նախագահը նաև անդրադարձավ Սահմանադրական դատարանի դատովորին ընտրելու հարցին և նշեց, որ ՍԴ նոր անդամի նոր թեկնածություն դեռ չունեն:

Լրագրողն այս իրավիճակն արհամարհական վերաբերմունք անվանեց նախագահի ինստիտուտի նկատմամբ, քանի որ արդեն 3-րդ անգամ է` նախագահի առաջարկած թեկնածուն չի ընտրվում, ինչին ԱԺ նախագահը չհամաձայնեց:

«Այս գումարման Ազգային ժողովն առաջին անգամ չի ընտրել նախագահի առաջարկած թեկնածուին։ Նախագահն իրավասություն ունի առաջադրել թեկնածու, ԱԺ–ն իրավունք ունի ընտրել կամ չընտրել առաջադրված թեկնածուին, դրա համար կատարվում է գաղտնի քվեարկություն։ Սա հստակ պետք է արձանագրենք, որ դա վերաբերմունք չէ թեկնածուին առաջադրած ինստիտուտի նկատմամբ», – ասաց Միրզոյանը:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին, արդյո՞ք Աժ նախագահն ունի ՍԴ դատավորի իր թեկնածուին, ինչին ի պատասխան` Արարատ Միրզոյանն ասաց.

«Ես շատ թեկնածուներ կարող եմ ունենալ, բայց Սահմանադրությունն այս իրավասությունը վերապահել է ՀՀ նախագահին»։

Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե արդյո՞ք ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր ապառիկները փակել է, թե՞ ոչ: Արարատ Միրզոյանը լրագրողներին ասաց, որ ապառիկներ, վարկեր ունեցել է և հիմա էլ ունի: Նա նաև պարզաբանում մտցրեց.

«Իմ հաշիվների վրա կալանք էր դրվել, որովհետև ավտոմեքենայի ոչ ճիշտ կայանման համար տուգանք էր եկել, ժամանակին չէինք վճարել, և ԴԱՀԿ-ն իմ հաշվին կալանք էր դրել, և երբ ես ուզում էի այլ ապառիկ վերցնեի, տվյալ բանկը մերժել էր տեղեկություն տալ», – պարզաբանեց Արարատ Միրզոյանը:

Լրագրողներից մեկը նաև հարցրեց, թե ինչու՞ է ապառիկով գնում, եթե իր աշխատավարձը բավականին բարձր է ու կարող է նաև կանխիկ գնել: ԱԺ նախագահը պատասխանեց՝

«Եթե հիշում եք, ես այդ մասին խոսեցի այն ժամանակ, երբ վարչապետն ասում էր, որ այդպես հարմար է, և մարդիկ աշխարհում այդպես են անում՝ կանխիկով չեն առնում և առնում են ապառիկով: Այդպես հարմար է շատ, և նույն տրամաբանությամբ ես փորձում էի հեռուստացույց առնել: Եթե ձեզ շատ հետաքրքիրա, ասեմ, որ ստիպված եղա կանխիկով առնել հեռուստացույցը, երկրորդ՝ տուգանքները վճարել եմ, և ես վատ վարկային պատմություն չունեմ»:

Ամենաթարմ