fbpx
Քաղաքականություն

Խորհրդարանում հյուրընկալվել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գծով գրասենյակի ղեկավարը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը հունիսի 12-ին ընդունել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գծով գրասենյակի ղեկավար Ռոզարիա Պուլյիզիին:

Հյուրը նշել է, որ այցի նպատակն է ծանոթանալ Հայաստանում ընթացող գործընթացների վերաբերյալ խորհրդարանական խմբակցությունների տեսակետներին: Ռոզարիա Պուլյիզին ներկայացրել է մեր երկրում ՆԱՏՕ-ի շրջանակում իրականացվող ծրագրերը՝ փաստելով, որ դրանք կյանքի են կոչվում համաձայն տվյալ երկրի պահանջարկի:

ԱԺ փոխնախագահը կարևորել է ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության ընդլայնումը գոյություն ունեցող ձևաչափերում, ընդգծել իրականացվող ծրագրերի արդյունավետությունը: Այս համատեքստում Վահե Էնֆիաջյանն արժևորել է օրենսդրական մակարդակում նախաձեռնությունների իրագործումը, քանի որ խորհրդարանական դիվանագիտությունը ճկուն է և ուրույն դեր ունի ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության օրակարգում:

Վահե Էնֆիաջյանը ներկայացրել է իրենց խմբակցության՝ ԲՀԿ-ի դիրքորոշումը արդարադատության ոլորտի բարեփոխումների, վեթթինգի գործընթացի, տնտեսական հեղափոխության իրականացման, հակակոռուպցիոն քաղաքականության վերաբերյալ:

ԱԺ նախագահի տեղակալը կարծիք է հայտնել, որ խնդիրների հաղթահարումը պետք է իրականացվի համադրության ճանապարհով. դատական ոլորտի առողջացմանը զուգընթաց կառավարությունը պետք է ջանքեր գործադրի տնտեսական ու սոցիալական բեկումնային փոփոխություններ իրագործելու ուղղությամբ: Այս համատեքստում ԱԺ փոխխոսնակը կարևորել է տնտեսական գրավչության բարձրացմանն ուղղված գործնական քայլերը, էներգետիկ ենթակառուցվածքների ոլորտում մրցունակության ապահովումը, հանքարդյունաբերական քաղաքականության վերանայումը, ներդրողների համար ընթացակարգերի պարզեցումը և արտոնությունների սահմանումը, ազատ տնտեսական գոտիների ձևավորումը, որի նպատակն է օտարերկրյա ներդրումների խթանումը:

Քննարկվել են նաև Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ուղղությունները մի շարք ոլորտներում:

Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գծով գրասենյակի ղեկավարի հետ հանդիպել է նաև ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը :

Ողջունելով հյուրին ՀՀ Ազգային ժողովում՝ խմբակցության ղեկավարը ներկայացրել է թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակը, անդրադարձել ժողովրդավարության զարգացման մարտահրավերներին, բարեփոխումների գործընթացում քաղաքացիական հասարակության ներգրավվածությանը, հակակոռուպցիոն ռազմավարությանը, անցումային արդարադատությանը:

Լիլիթ Մակունցը կարևորել է կոռուպցիայի կանխարգելման մարմնի ստեղծումը, ինչպես նաև չկոռումպացված և վստահելի դատական համակարգ ունենալը:

Նույն օրը Ռոզարիա Պուլյիզիի հետ հանդիպել են ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, խմբակցության քարտուղար և ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Գևորգ Գորգիսյանը:

Էդմոն Մարուքյանը ներկայացրել է խմբակցության տեսակետն անցումային արդարադատության, դատավորների նկատմամբ վեթթինգի կիրառման, տնտեսական հեղաշրջման վերաբերյալ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ