fbpx
Խորհրդարան

Խորհրդարանը մերժեց կենդանիների նկատմամբ ոչ հումանիստական վերաբերմունքն արգելող նախագիծը

Մայիսի 7-ին Ազգային ժողովի նիստի ընթացքում ԱԺ ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ներկայացրեց «Կենդանական աշխարհի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին իր հեղինակած նախագիծը:

«Իմ՝ խորհրդարանում լինելու 9 տարվա ընթացքում միշտ քննարկել ենք թափառող շների պրոբլեմը, որն, անշուշտ, առկա է, անշուշտ, խնդիր է, հատկապես՝ չլուսավորված տարածքներում, մանկահասակ երեխաների զբոսանքի վայրերում, բայց ինչ է տեղի ունեցել՝ երկար տարիներ մեծ գումարներ են տրամադրվել, փոխանակ ստերջացում, տեղահանում լինի, այլ վայրերի հատկացում, այլ հումանիստական մոտեցում, նրանք ուղղակի գնդակահարվել են, դիակները նետել են երեխաների խաղալու վայրերը: Վերջին ժամանակ համացանցը ցնցեց քաղաքակիրթ մարդկության համար անտանելի իրավիճակը, երբ կոկորդից գնդակահարված, բայց չսատկած կենդանին փողոցում արնահոսում էր, կամ երբ շանը դաժան անխղճությամբ գնդակահարում էին թաթերից, նայում, թե ոնց է տառապում, այս անհրաժեշտությունն է ստիպում, որ արգելվի դաժան մեթոդով, այդ թվում՝ զենքով ոչնչացումը»,- ասաց պատգամավորը:

«Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը նախ նշեց, որ դեռ մեկ ամիս առաջ մի այդպիսի աշխատանքային խումբ էին ստեղծել, որն աշխատում է օրենքի նախագծի վրա և կկարգավորի բոլոր հարաբերությունները՝ կապված կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի հետ:

«Այս պահին մենք դեմ ենք քվեարկել նախագծին, քանի որ նախ՝ այս օրենքն ավելի շատ կարգավորում է վայրի կենդանիների հետ կապված հարաբերությունները, ուստի փողոցի շների կամ ընտանի կենդանիների հետ հարաբերությունները չեն կարող ներառվել»,- ասաց Կարապետյանը՝ նշելով, որ կիսում են Ուրիխանյանի մտահոգությունները`առաջարկելով նրան միանալ ստեղծված աշխատանքային խմբի աշխատանքին:

Քվեարկության արդյունքում ձայների 38 կողմ, 65 դեմ, 4 ձեռնպահ հարաբերակցությամբ նախագիծը մերժվեց:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ