Խոշոր հրդեհ է բռնկվել Ռուսաստանի կողմից վերահսկվող Զապորոժիե ատոմակայանում։ Տեսանյութը սոցիալական ցանցերում հրապարակել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ հրդեհի համար մեղադրելով ռուսական կողմին։
Մոսկվան, իր հերթին, մեղադրանքի սլաքներն ուղղում է ուկրաինական կողմ։
Զապորոժիեի մարզի ռուսական վարչակազմի ղեկավար Եվգենի Բալիցկու փոխանցմամբ, հրդեհ է բռնկվել ատոմակայանի հովացման համակարգում։ Որպես պատճառ Բալիցկին նշել է Ուկրաինայի զինվորականների կողմից Էներգոդար քաղաքի գնդակոծությունը, որտեղ գտնվում է ատոմակայանը։ Դեպքի վայրում աշխատում են հրշեջները։
Երկու երկրներն էլ նշում են, որ ճառագայթային ֆոնը նորմայի սահմաններում է։
1981 թվականին կառուցված Զապորոժիեի ատոմակայանը ամենամեծն է Եվրոպայում։ Դրա հզորությունը 6000 ՄՎտ է։ Այն այժմ էլեկտրաէներգիա չի արտադրում։