Հայաստանի Հանրապետության 38 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են, որոնցից 36-ում՝ համամասնական ընտրակարգով, իսկ մյուս 2-ով՝ մեծամասնական։
Բոլոր այս համայնքներում դիտորդական առաքելություն է իրականացնում «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը։
Վերջինի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ ընտրությունները, ընդհանուր առմամբ, անցնում են նորմալ։
Նա ասաց մինչ այս արձանագրված հիմնական խախտումների մասին։ Ըստ Իոաննիսյանի՝ Վանաձորում արձանագրվել է դեպք, երբ ընտրողը դուրս է բերել քվեաթերթիկները, իսկ Աշտարակում գրանցվել է դիտորդի իրավունքների խախտում, ինչպես նաև՝ ընտրատեղամասում վստահված անձը կրել է «Հայաստան» դաշինքի վկայական, սակայն հիշյալ դաշինքն այս ընտրություններում որևէ կերպ ներկայացված չէ ու տվյալ վկայականը հունիսի 20-ի ընտրություններից է։
Իոաննիսյանը նշեց նաև, որ որոշ համայնքներում ընտրատեղամասերին տրամադրվել է ավելի քիչ քվեաթերթիկ, քան ընտրողների թիվ է։