Հայաստանում տեղի են ունեցել խորհրդարանական 6 և նախագահական 5 ընտրություններ, և 3 հանրաքվե, բայց այդ բոլոր ընտրություններից հետո ընդդիմությունը բողոքի ալիք է բարձացրել, հանրության մեծամասնությունը վստահություն չի ունեցել ընտրությունների արդյունքների նկատմամբ: Այս մասին այսօր խորհրդարանում ասել է «Իմ քայլ» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը:
«Ամեն անգամ այդ բողոքի ալիքը զսպելու համար, այսպես ասենք, մեղադրյալի աթոռին նստեցնում էին Ընտրական օրենսգիրքը: Այսինքն՝ մեղադրողը, պարզվում էր, Ընտրական օրենսգիրքն է: Ընտրական օրենսգիրքը փոխվում էր, բայց ընտրությունների նկատմամբ ընտրողների վերաբերմունքը չէր փոխվում», – ասել է պատգամավորը:
Պատգամավորի խոսքով՝ ընտրական բարեխումները փոխել են ընտրությունները կեղծելու գործիքները: Նա ասել է, որ եթե նախկինում ընտրողներին ուղղորդում էին բռնություններով, լցոնումներով, ապա 2017 թվականին ընտրությունների արդյունքների ելքն ընտրատեղամասից դուրս էր որոշվում:
Ըստ պատգամավորի՝ վերջին խորհրդարանական ընտրություններն ապացուցեցին, որ նույն օրենսդրությամբ հնարավոր է ունենալ հանրության լիարժեք վստահությունը վայելող ընտրություն:
«Սա ուղղակի մեկ բանի ապացույց է, որ ընտրությունների որակը ոչ թե, այսպես ասենք, օրենսդրությունը կամ համակարգն է որոշում, այլ որոշում են քաղաքական կամք դրսևորող անձինք», – ասել է Հովակիմյանը:
Սակայն պատգամավորն այն կարծիքին է, որ Ընտրական օրենսգիրքը մեծ բարեփոխումների կարիք ունի:
«Մենք պետք է ի վերջո ստանանք Ընտրական օրենսգիրք, որն ամբողջությամբ կապահովի նաև ապագայում մշտապես ազատ, արդար ընտրությունների անցկացումը»: