«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոչ է անում հիմք ընդունել ՌԴ ԱԳՆ պաշտոնական հայտարարությունը, ոչ թե ադրբեջանական լրատվակայքերի մեկնաբանությունը:
Ադրբեջանական մի քանի լրատվական կայքերը տեղեկություններ նե տարածել, թե Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այսօր Մոսկվայում Ադրբեջանի Միլլի Մեջլիսի ղեկավար Ս. Գաֆարովայի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ «Ռուսաստանը կողմ է արտահայտվել արցախյան 5 շրջանների՝ Ադրբեջանին վերադարձին», և որ «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը Ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ խոչընդոտում է խաղաղ գործընթացի կարգավորմանը»։
Այս հարցին բրիֆինգի ընթացքում անդրադարձել է Մարիա Զախարովան՝ հայտնելով, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ Նախարար Լավրովի կողմից չի արվել նախկինում չբարձրաձայնված որևէ նոր հայտարարություն։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշումը բոլորը շատ լավ գիտեն, և խնդրում եմ առաջնորդվել հենց այդ դիրքորոշմամբ, այլ ոչ թե տարբեր մեկնաբանություններով, որոնք անում է ոչ ռուսական կողմը»,- շեշտել է Զախարովան:
Զախարովան ընդգծել է, որ հիմք ընդունեն ՌԴ ԱԳՆ պաշտոնական հայտարարությունը, ոչ թե՝ ադրբեջանական կողմի մեկնաբանությունները։
ՌԴ ԱԳՆ տարածած պաշտոնական հայտարարության մեջ 5 շրջանների վերադարձի մասին որևէ միտք առկա չէ։
