Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաջորդ շաբաթվա վերջին կայցելի Գերմանիա։ Ռուսաստանի հետ պատերազմի մեկնարկից ի վեր սա նրա երկրորդ այցն է երկիր։
Այս մասին հայտնում է RBC-Ukraine-ը՝ Tagesspiegel-ին հղումով։
Հրատարակության տվյալներով՝ Զելենսկին իր այցը պլանավորում է Մյունխենի անվտանգության համաժողովի ընթացքում, որը կանցկացվի փետրվարի 16-18-ը։
Անվտանգության նկատառումներով ծրագիրը և ճշգրիտ ժամանակացույցը դեռևս չեն նշվում:
Մյունխենի անվտանգության համաժողովի ղեկավար Քրիստոֆ Հոյսգենը չի ցանկացել հաստատել այդ միջոցառմանը Ուկրաինայի նախագահի մասնակցության փաստը։ Սակայն նա ասել է, որ կազմակերպիչները ջանքեր են գործադրում պետության ղեկավարի ներկայությունը Կիևից ապահովելու համար։
«Զելենսկին հրավեր է ստացել»,- ասել է նա։