Զելենսկին ներկայացրել է իր ծրագիրը Դոնբասի իրադրության կարգավորման մասին

Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին պատմել է Դոնբասի իրադրության կարգավորման՝ իր ծրագրի մասին: Նա այս մասին հայտարարել է «Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում:

Զելենսկու խոսքով՝ առաջին հերթին, անհրաժեշտ է արագորեն հասնել հրադադարի: «Մենք չենք կարող մեզ երկարատև գործընթաց թույլ տալ, որովհետև ամեն օր մենք առավոտն սկսում ենք այն մասին նորություններով, թե մեր տղաներից քանիսն են զոհվել արևելքում»,- հայտարարել է նա:

Շոումենը նաև կարևորել է ինքնահռչակ հանրապետությունների տարածքներում «յուրաքանչյուր մարդու հետ փոխըմբռնման հասնելու» անհրաժեշտությունը: Դրա համար նա նշել է կենսաթոշակային վճարների վերականգնման կարևորությունը:

Ապրիլի 7-ին Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նա ճշտել է, որ կարևոր է Մոսկվայի հետ երկխոսություն վարել «արևմտյան ներկայացուցիչների ներկայությամբ»: «Մենք երբեք տարածքներ և մարդկանց չենք զոհաբերի: Ուկրաինայի ամբողջականությունը պետք Է հաստատուն լինի»,- ամփոփել է նա:

Նշենք, որ Ուկրաինայի նախագահի ընտրությունների առաջին փուլը կայացել է մարտի 31-ին: Դոնբասում քվեարկությունը տեղի է ունեցել սոսկ Կիևի վերահսկած տարածքներում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Ամենաթարմ