Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր սուրբծննդյան ուղերձում անդրադարձել է երկրի բնակիչների ընդհանուր ցանկությանը՝ խաղաղություն Ուկրաինայի համար։ Նա նշել է, որ տոնի նախօրեին անկեղծ ցանկությունները կարող են լսելի լինել Աստծո կողմից։ «Այսօր մենք բոլորս ունենք մեկ երազանք։ Մենք ցանկություն ենք հայտնում, որ նա մահանա․ կասի յուրաքանչյուրն ինքն իրեն, բայց երբ մենք դիմում ենք Աստծուն, իհարկե, խնդրում ենք ավելի լայն ցանկություն։ Մենք խաղաղություն ենք խնդրում Ուկրաինայի համար։ Մենք պայքարում ենք ու աղոթում դրա համար», – ասել է Զելենսկին՝ առանց մանրամասնելու, թե ում է նկատի ունեցել։ Ուկրաինական լրատվամիջոցները ենթադրել են, որ խոսքը վերաբերում է Վլադիմիր Պուտինին։
Սուրբծննդյան ուղերձը հնչել է պատերազմի հնարավոր ավարտի մասին Զելենսկու նոր հայտարարությունների ֆոնին։ Նախագահը ներկայացրել է 20 կետից բաղկացած ծրագիր, որը համաձայնեցվել է ԱՄՆ-ի հետ։ Ծրագրում ընդգրկված են ռուսական զորքերի դուրսբերման պահանջները մի շարք մարզերից, ինչպես նաև շփման գծի երկայնքով մարտերի դադարեցման առաջարկները։ Սակայն Կրեմլը չի ընդունել ծրագիրը՝ պահանջելով մի շարք փոփոխություններ, ներառյալ ՆԱՏՕ-ի չընդլայնման երաշխիքներ և ռուսաց լեզվի կարգավիճակի հստակեցում։

