ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի աշխատանքներին ամսնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 26-ին հանդիպեց Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակին:
Ողջունելով ԵԱՀԿ-ում Սլովակիայի հաջող նախագահությունը՝ նախարար Մնացականյանը ևս մեկ անգամ հայտնեց Հայաստանի աջակցությունը անվտանգ ապագայի կառուցման և արդյունավետ բազմակողմ դիվանագիտության վերաբերյալ Սլովակիայի նախագահության առաջնահերթություններին:
Գործընկերներն առանձնահատուկ կարևորեցին ԵԱՀԿ գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերի ձեռնարկումը՝ ընդգծելով կազմակերպության առջև ծառացած մարտահրավերները համագործակցային ոգով հասցեագրելու և ԵԱՀԿ գործիքակազմի կիրարկման համար բավարար կամքի դրսևորման անհրաժեշտությանը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր գործընկերոջը ներկայացրեց Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների հավակնոտ օրակարգը՝ մեծապես կարևորելով այդ գործընթացում ԵԱՀԿ կառույցների շարունակական աջակցությունը:
Նախարար Լայչակի խնդրանքով՝ Հայաստանի ԱԳ նախարարն անդրադարձավ Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա վիճակին, մասնավորապես սեպտեմբերի 23-ին Նյու-Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ կայացած հանդիպմանը: Ներկայացնելով գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները՝ նախարար Մնացականյանն առանձնահատուկ ընդգծեց Արցախի գործընթացի նկատմամբ սեփականության զգացումի ընդլայնման և ամրապնդման կարևորությունը:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից:
