ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 74-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 24-ին հանդիպեց Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեկկա Հաավիստոյի հետ:
Նախարար Մանացականյանը շնորհավորեց իր ֆինն գործընկերոջը պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթեց այդ պատասխանատու առաքելության մեջ: Արտգործնախարարներն արտահայտեցին փոխադարձ պատրաստակամություն՝ գործնական քայլեր ձեռնարկելու երկու երկրների միջև բազմաոլորտ համագործակցության զարգացման ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ: Ընդգծվեց թիրախային ուղղություններ հանդիսացող տեղեկատվական տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության, նորարարության ոլորտների ներկայացուցիչների միջև կապերի խթանման կարևորությունը:
Կողմերը մտքեր փոխանակեցին ԵՄ խորհրդում Ֆինլանդիայի նախագահության առաջնահերթությունների շուրջ, ինչպես նաև անդրադարձան Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության ընդլայնմանը և ամրապնդմանը: Այս համատեքստում նախարար Մնացականյանն ընդգծեց ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսություն ծավալելու կարևորությունը՝ հատկապես մարդկանց միջև շփումներն ընդլայնելու համատեքստում:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը իր ֆինն գործընկերոջը ներկայացրեց ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները: Զրուցակիցները կարևորեցին հակամարտության կողմերի հանձնառությունը հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։