Հուլիսի 8-ին, Սլովակիայում ընթացող ԵԱՀԿ ոչ պաշտոնական նախարարական հանդիպման շրջանակներում, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրի հետ:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց ԵԱՀԿ օրակարգային հարցերին, կազմակերպության գործունեության երեք հարթություններում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը։
Հայաստանի ԱԳ նախարարը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենն անրադադարձ կատարեցին ՀՀ-ում անցած տարվա դեկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին՝ այս առնչությամբ բարձր գնահատելով ընտրական ցիկլի ընթացքում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ սերտ համագործակցությունը։
Կողմերը մտքեր փոխանակեցին ՀՀ-ում իրականացվող մարդու իրավունքների խրախուսման և ժողովրդավարական հաստատությունների արդյունավետության բարձրացմանն ուղղված բարեփոխումների շուրջ, այդ թվում դատաիրավական ոլորտում։ ԱԳ նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը շարունակելու փոխշահավետ համագործակցությունը միջազգային գործընկերների հետ` ուղղված Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների խթանմանն ու մեր ձեռքբերումների ամրապնդմանը: Երկուստեք առանձնահատուկ կարևորվեց ԵԱՀԿ հանձնառությունների շրջանակներում այս ուղղություններով համագործակցության առավել ամրապնդումը։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։