Վրաստանը չի համակերպվի 2008 թվականի օգոստոսին տեղի ունեցած զինված հակամարտության արդյունքների հետ, ձգտելու է խաղաղ ճանապարհով հասնել տարածքային ամբողջականության վերականգնմանը: Այս մասին օգոստոսի 8-ին հայտարարել է երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, տեղեկացնում է Грузия Online-ը:
«Շարունակվող բռնազավթմանը մեր պատասխանը հստակ է. մենք չենք համակերպվի: Մենք չենք համակերպվի Գալիում եւ Ախալգորիում վրացիների իրավունքների ոտնահարման հետ: Մենք չենք հաշտվի մեր քաղաքացիների՝ աբխազների եւ օսերի իրավունքների, նրանց լեզուների եւ ինքնատիպության սահմանափակման հետ»,-ասված է Զուրաբիշվիլիի՝ օգոստոսի 8-ին տարածված հայտարարության մեջ, որը նա արել է 2008 թվականի օգոստոսյան պատերազմի սկսվելու 11-րդ տարելիցի կապակցությամբ:
Նախագահը նշել է, որ Վրաստանի պատասխանը պետք է դառնա պետության քաղաքական ու տնտեսական կայունությունը:
«Ճիշտ այնպես, ինչպես որ մենք 2005 թվականին կարողացանք ռուսական բազաները դուրս բերել Վրաստանի տարածքից, մենք կկարողանանք խաղաղ ճանապարհով վերջ դնել բռնազավթմանը եւ ստեղծել նոր հարաբերություններ: Գերմանիայի օրինակը մեզ ցույց է տալիս, որ հավերժական ոչինչ չկա. անհուսության նկատմամբ հաղթանակը միշտ հնարավոր է: Հակամարտության կարգավորումը ինչպես մեր, այնպես էլ նրանց գերակայությունն է»,-հայտարարել է Զուրաբիշվիլին՝ նշելով, որ թույլ չի տա նոր սպառնալիքներ ստեղծել վրացական պետության համար:
Իր հերթին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է, որ 2008 թվականի օգոստոսյան զինված հակամարտությունը դարձավ երկրի նախկին իշխանություննների սխալների արդյունքը:
«Անտարակույս, նախկին իշխանությունների մեծ սխալն այն էր, որ ճիշտ շեշտադրումներ չէին արվում»,-լրագրողներին ասել է Բախտաձեն՝ օգոստոսի 8-ին Թբիլիսիի գերեզմանատուն կատարած այցելության ժամանակ, որտեղ հողին են հանձնվել 2008 թվականի օգոստոսին զոհված վրացի զինծառայողները: Վրաստանի վարչապետը նշել է, որ երկրի այն ժամանակվա կառավարությունն իր քաղաքականությամբ հնարավոր դարձրեց բռնազավթման պլանի իրականացումը:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2008 թվականի օգոստոսյան պատերազմի ընթացքում վրացական կողմից զոհվել է 408 մարդ, այդ թվում՝ 170 զինծառայող, ՆԳ նախարարության 14 աշխատակից եւ 224՝ քաղաքացիական անձ: