Օդերևութաբանության համաշխարհային կազմակերպությունը (ՕՀԿ) պաշտոնապես հավաստել է առաջատար միջազգային օդերևութաբանական կենտրոնների եզրակացություններն այն մասին, որ անցած չորս տարիները՝ 2015-ից մինչև 2018 թվականը, ամենատաքն են դարձել եղանակի դիտարկումների պատմության մեջ, իսկ 2018 թվականն զբաղեցրել է չորրորդ տեղը վարկանիշում։
Փետրվարի 6-ին Ժնևում տարածված հաղորդագրության մեջ ՕՀԿ-ն ուշադրություն է հրավիրել նաև մթնոլորտում ջերմոցային գազերի ռեկորդային բարձր պարունակության վրա և խոստացել է մարտ ամսին հանգամանալի զեկույց հրապարակել մոլորակի կլիմայի վիճակի վերաբերյալ:
«Հաստատված է, որ 2015, 2016, 2017 և 2018 թվականները դարձել են ամենատաք տարիները դիտարկումների ամբողջ ընթացքում, ինչը մթնոլորտում ջերմոցային գազերի ռեկորդային պարունակության զուգակցությամբ կլիմայի երկարաժամկետ փոփոխության շարունակման համոզիչ վկայությունն է»,- ասված է ՕՀԿ-ի հաղորդագրության մեջ:
«Հինգ առաջատար միջազգային կենտրոնների տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ 2018 թվականին Երկրի մակերևույթին միջին ջերմաստիճանը Ցելսիուսի մոտավորապես մեկ աստիճանով բարձր է եղել բազային մինչինդուստրիալ (1850 – 1900) մեծություններից, և այն ամենատաքերից չորրորդն է դարձել դիտարկումների ընթացքում»,- նշում է ՕՀԿ-ն, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: