Քաղաքականություն

2017-ին Նիկոլին ու Արարատին համոզում էինք, որ ընտրություններին չմասնակցեն․ Միսկարյան

Գարեգին Միսկարյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Կուսակցությունը որի մաս եմ կազմում ես կոչվում է.

Քաղաքացու Որոշում Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն։ Ինչու՞

Երբ կուսակցություն էինք հիմնում ու անվան հարցը առաջ եկավ, քննարկումները մեղմ ասած շատ բուռն էին։ Տարբեր հնարավոր տարբերակներից ես անձամբ քվեարկել եմ ներկա տարբերակին կողմ ու ասեմ, թե ինչու.

Լինելով ակտիվ քաղաքացիական պայքարների մեջ, մեզանից շատերը միշտ մերժել են կուսակցությունները, հասկանալով, որ նրանք բացառապես անձնական և խմբակային շահերը սպասարկող գործիքներ են մեր պետության մեջ։ 2017 թվականի ԱԺ «ընտրություններից» առաջ Նիկոլին ու Արարատին համոզում էինք, որ ընտրություններին չմասնակցեն, և փողոցով գնանք հեղափոխության։

Որովհետև դրանք ընտրություններ չէին, այլ ռեժիմի վերարտադրության գործիք։ Քաղաքացին զրկված էր իրական ընտրություն կատարելու հնարավորությունից։

Նիկոլը հրաժարվեց, ասելով, որ ինքը քաղաքական գործիչ է և պարտավոր է մասնակցել քաղաքական պրոցեսներին, իսկ Արարատը ասաց, որ իրական շանս կա հաղթելու։ Սա ազդակ էր, որ երկուսն էլ լինելով երկրի նկատմամբ սրտացավ մարդիկ, այնուամենայնիվ բնույթով ապաքաղաքական էին, որովհետև ակնհայտ էր, որ (հույս ունեմ` անգիտակցաբար) մաս էին կազմում ռեժիմի վերարտադրման պրոցեսին։

Գոնե ինձ համար, հիմնական պատճառներից մեկը սա էր, որ երբ Նիկոլը Գյումրիից քայլելով հասել էր Հրազդան, Սուրենի հետ որոշեցինք, որ քանի որ Նիկոլը խոստացել էր Անցումային կառավարություն ձևավորելով կատարել հեղափոխական օրակարգի մեր առաջադրած 5 կետերը, ապա լավագույն բանը, որ հնարավոր կլինի անել Հայաստանի Հանրապետության պետականությունը կայացնելու համար` նոր իրականության մեջ գաղափարական հենքի վրա հիմնել կուսակցություն և փորձել օժանդակել Հայաստանի Քաղաքական դաշտի քաղաքականացմանը` առողջացմանը։

Սա էր պատճառը, որ հեղափոխությունից հետո մենք մերժեցինք կառավարող ուժին մաս կազմելու տարներ ժամանակներում մեզ արված առնվազն երեք առաջարկները։ Մենք մտածում էինք, որ եթե ռեֆորմներ անելու քաղաքական կամք լինի, ապա մենք «դրսից» էլ կարող ենք օգնել, իսկ եթե այդ կամքը չլինի, ապա մենք «ներսում» դժվար թե կարողանանք բան փոխել։

Հիմա անվան մասին.

Քաղաքականությունը քաղաքականցնելու` քաղաքական պայքարը գաղափարների, արժեքների և ծրագրերի պայքար դարձնելու համար կուսակցությունը պիտի լինի դրանց վրա հիմնված (առհասարակ կուսակցությունը այդպիսին պիտի լինի): Եվ ես քվեարկեցի ներկա տարբերակի օգտին, որովհետև ես գտնում եմ, որ.

Հայաստանը պիտի լինի ժողովրդավար, Հայաստանում քաղաքացին պիտի հնարավորություն ունենա իրացնելու իր իշխանությունը և քանի որ իշխանությունը մեծ հաշվով քաղաքացու ՈՐՈՇՈՒՄ կայացնելու հնարավորությունն է, ապա ես քվեարկեցի ՔԱՂԱՔԱՑՈՒ ՈՐՈՇՈՒՄ տարբերակին կողմ, և քանի որ այդ որոշումը պիտի բխի իմ արժեքներից (իսկ ես մեծ հաշվով սոցիալ դեմոկրատական արժեքների կրող եմ)։ Անվան մեջ, իմ կարծիքով, պիտի լիներ նաև նշված արժեքները, որպեսզի լսողի համար պարզ լիներ, թե ինչ արժեքների մասին է խոսքը, և ում հետ է ինքը ճանապարհ գնալու։

Որոշ մասնագետներ ասում են, որ մարկետինգային առումով ճիշտ անուն չի ընտրված։ Ասում են (և ես էլ համոզվել եմ), որ շատերի մոտ սոցիալ դեմոկրատիան ասոցացվում է սոցիալիզմի հետ, ինչը լուրջ խնդիրներ է առաջացնում։ Գուցե… ես մարկետոլոգ չեմ, բայց… ես գտնում եմ` կուսակցությունը բանդերոլ չի, որ գեղեցիկ փաթեթավորես ու մատուցես հանրությանը, իսկ հետո անես այն` ինչ քեզ է հարմար։

Քաղաքական, գաղափարական կառույցի անվանումը պիտի քաղաքացուն հաղորդի գաղափար, այլ ոչ թե քիմքին հաճո ինչ որ պաթոսախառը բառեր` հայրենիք, փրկություն, վերածնունդ, առաքելություն, սրտացավերի միասնություն և այլն։

Գուցե ես սխալ եմ, բայց սա իմ համոզմունքն է` և կարծում եմ Քաղաքականությունը քաղաքականացնելու ժամանակն է, պաթոսն ու պոպուլիզմը լավ տեղ չեն տանում…»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ