ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է բնակարան ապօրինի մուտք գործելով ոսկյա զարդերի գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 39-ամյա կնոջ:
Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի բնակչուհին՝ ծնված 1979 թվականին, 2018թ. սեպտեմբեր ամսին հեռախոսակապով ծանոթացել է նույն մարզի բնակչի հետ, ով արտագնա աշխատանքներ կատարելու նպատակով գտնվել է Ռուսաստանի Դաշնությունում: Կինը, տեղեկանալով, որ վերջինս ֆինանսական խնդիրներ ունի, որոշել է հարևանի տանից գողություն կատարել՝ նրան օգնելու համար:
Քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 39-ամյա կինը նախկինում մի քանի անգամ իր հարևանուհուց, ով նաև նրա հեռավոր ազգականն է, պարտքով ոսկյա զարդեր է խնդրել՝ դրանք գրավադրելու նպատակով: Զարդերը վերցնելիս կինը նկատել է, թե որտեղ է հարևանուհին զարդերը պահում:
2018թ. նոյեմբերի 28-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, օգտվելով հարևանուհու՝ տանից բացակայելու և տան մուտքի դռան բաց լինելու հանգամանքից՝ 39-ամյա կինը մուտք է գործել տուն և հափշտակել հարևանուհու ոսկյա զարդերը՝ վերջինիս պատճառելով ընդհանուր 600 000 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս:
Նախնական քննությամբ պարզվել է, որ կինը զարդերի մի մասը գրավադրել է գրավատանը, որի դիմաց ստացված գումարով վճարել է ծանոթ տղամարդու պարտք գումարը, իսկ մնացած զարդերը՝ գրավադրել բանկում, որի դիմաց ստացված գումարի մի մասը դարձյալ տվել է իր ծանոթ տղամարդուն, իսկ մնացածը՝ ծախսել իր կարիքների համար:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Արմավիրի մարզի՝ 39-ամյա բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով: