fbpx
Իրավական

Շախմատի միջազգային առաջնություն ՔԿՀ-ների միջև․ մասնակցել են նաև հայ դատապարտյալները

Օգոստոսի 6-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ավարտվեց արագ շախմատի միջազգային առաջնությունը, որն անցկացվում էր շախմատային հզոր երկրների՝ Բրազիլիայի, ՌԴ-ի, Անգլիայի, ԱՄՆ, Իտալիայի, Բելառուսի, Հայաստանի քրեակատարողական հիմնարկների ուժեղագույն շախմատիստ դատապարտյալների միջև:

ՔԿԾ-ի պաշտոնական կայքը հիշեցնում է, որ օգոստոսի 5-ին, «Արթիկ», «Արմավիր» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների լավագույն խաղացող 4 դատապարտյալներից կազմված Հայաստանի թիմն առաջին փուլում իր ուժերը չափեց Ռուսաստանի Դաշնության, Բրազիլիայի և Անգլիայի դատապարտյալների հետ՝ արժանի հաղթանակ տանելով Բրազիլիայի և Անգլիայի թիմերի նկատմամբ։

Արագ շախմատի մրցաշարի եզրափակիչ փուլում հայ դատապարտյալների թիմը 3:1 հաշվով պարտվեց Իտալիայի հավաքականին, սակայն ոչ-ոքի խաղալով ԱՄՆ-ի հավաքականի հետ, 2,5-1,5 հաշվով հաղթելով Բելառուսի հավաքականին՝ առաջնությունում գրավեց 4-րդ հորիզոնականը:

Առաջին երեք հորիզոնականները համապատասխանաբար գրավեցին ՌԴ-ի, Բելառուսի և Իտալիայի թիմերը, ԱՄՆ-ի թիմը 5-րդ հորիզոնականում էր, Բրազիլիայինը՝ 6-րդ, մրցաշարային աղյուսակը եզրափակեց Անգլիայի թիմը՝ հայտնվելով 7-րդ հորիզոնականում:

Միջազգային կարգի մրցավար Նորայր Քալանթարյանը, որը մշտապես ներկա է եղել ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում կազմակերպվող շախմատային խաղերին և նախապատրաստել հայ դատապարտյալներին միջազգային առաջնությանը, նշեց, որ մեր մարզիկները բավական պատրաստված էին, նպատակասլաց, և շախմատային նման հզոր երկրների հետ խաղում, ինչպիսիք էին մասնակից երկրները, 4-րդ հորիզոնական գրավելը խոստումնալից է և պատվաբեր:

Մրցաշարին հետևում էր նաև Ազգային ժողովի պատգամավոր Արտակ Մանուկյանը, որը խաղի ավարտին Հայաստանի հավաքականի անդամներ Գոռ Աջամյանին, Հակոբ Աբաջյանին, Ժորա Նադարյանին և Վալերի Թումասյանին նվիրեց հայ անվանի շախմատիստ, աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հեղինակած «Գահերի խաղը» գիրքը, իսկ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից մասնակիցները կխրախուսվեն պատվոգրերով:

Առաջնության ընթացքում տեսազանգի միջոցով մասնակից երկրների քրեակատարողական ծառայության ներկայացուցիչները հանդես եկան շնորհակալական խոսքով և հակիրճ ներկայացրին իրենց երկրների ՔԿՀ-ների շախմատային կյանքը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ