Այսօր խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության» պատգամավորներ Արմեն Փամբուխչյանի ու Սիսակ Գաբրիելյանի հեղինակած նախագիծը, որը վերաբերում էր երթևեկության կանոնների խախտումները նկարահանելու և հավելվածի միջոցով ոստիկանությանը փոխանցելուն: Նախագիծն ԱԺ-ում արժանացավ բուռն քննարկումների
ԱԺ պատագամվոր Սիսակ Գաբրիելյանը նշեց․ «Ակնհայտ է, որ հեղափոխությունից հետո քաղաքացիներն այսօր, ավելի քան երբևէ, պատրաստակամ են համագործակցելու իրավապահ մարմինների հետ: Շատ քաղաքացիներ սոցիալական ցանցերում տեղադրում են տարբեր իրավախախտումների տեսանյութեր, լուսանկարներ, որոնց հիման վրա մեծամասամբ վարչական վարույթ է հարուցվում: Այս նախագծի նպատակն է այդ ողջ գործընթացն ավելի կարգավորել: Կարճ ասած, քաղաքացիներին հնարավորություն է տրվում տեսանկարահանել ճանապարհային երթևեկության խախտումները և օնլայն ռեժիմով փոխանցել ոստիկանությանը: Տեսանյութն արձանագրած քաղաքացու տվյալները գաղտնի են լինելու»:
Նա հավելեց, որ տեսանյութն ուղարկելուց հետո քաղաքացին այդ գործընթացում այլևս դերակատարում չի ունենալու:
Սիսակ Գաբրիելյանը ներակայցրեց, թե ինչպես է աշխատելու ծրագիրը: Նա նշեց, որ օնլայն ռեժիմը սահմանել են նրա համար, որ ոստիկանության աշխատակիցը շատ հստակ իմանա, որ դա կատարվել է հստակ այսինչ օրն ու տեղը ՝GPS համակարգի միջոցով: Կստեղծի հատուկ էլեկտրոնային հավելված: Դրա համար նախատեսված է 30-50 մլն դրամ՝ կախված իր ֆունկցիոնալությունից: Գաբրիելյանը նշեց, որ հավելվածը օգտակար կլինի նաև վթարների դեպքում մեքենայի տեղը GPS համակարգի միջոցով շուտ հասկանալու համար:
Նախագծին կողմ քվեարկեց 87 պատգամավոր, դեմ՝ 21, իսկ ձեռնպահ՝ 1: