fbpx
Սպորտ

Չելոյանցը բարձրացրել է մտահոգիչ հարցերը հայկական ֆուտբոլում

«Ուրարտուի» սեփականատեր Ջևան Չելոյանցը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախ ներողություն խնդրեց հայերեն չխոսելու ու չհասկանալու համար, ինչպես նաև ամփոփեց նախորդ մրցաշրջանում թիմի աշխատանքներն ու ներկայացրեց այն կարևոր հարցերը, որոնք ակումբը կարևորում է հայկական ֆուտբոլի զարգացման տեսանկյունից.

«Նախորդ մրցաշրջանը հաջող ստացվեց մեզ համար, 3-րդ տեղը զբաղեցրինք, բայց շատ վատ հանդես եկանք Եվրոպա լիգայում:

Նախորդ տարի բացի բրոնզե մեդալներ նվաճելուց, հիմնական ուշադրությունը սևեռեցինք ենթակառուցվածքներին: Արեցինք այն, ինչի մասին վաղուց երազել էինք. վերակառուցեինք խոտածածկը, թարմացում իրականացրինք ամբողջ մարզադաշտում, և որ ամենակարևորն է՝ մարզումային դաշտերում:

Կցանկանայի նաև նշել, որ ղեկավար կազմում փոփոխություններ ենք ունեցել: Շուտով կունենանք նաև գլխավոր փոխտնօրեն՝ բժշկական հարցերով: Արդեն ասացի, որ այս մրցաշրջանը հաջող չենք սկսել, քանի որ երբ 700 հազար դոլար ես ծախսում ենթակառուցվածքները վերակառուցելու համար, չես կարողանում նոր ֆուտբոլիստների ձեռք բերել: Երեկ Մ19 տարեկանների կազմը տեսա, ու զարմացա, երբ մեր թիմից ընդամենը 2 խաղացող տեսա հայտացուցակում, բայց հետո տեսա, թե քանի խաղացող է ընդգրկվել ԲԿՄԱ-ից, որոնք ևս մեր խաղացողներն են: Տարբեր տարիքային հավաքականների համար բազմաթիվ ֆուտբոլիստներ ենք պատրաստում ու դա հպարտություն է մեզ համար»,- ասում է Ջևան Չելոյանցը:

Խոսելով հայկական ֆուտբոլում առկա մտահոգիչ հարցերի մասին՝ Չելոյանցը առանձնացրեց հետևյալ կետերը.

  •  Մրցավարության հարցը. այս խնդիրն ամբողջ աշխարհում կա, բայց հարցն այն է, թե երբ է սխալվում մրցավարը: Բոլորս էլ կարող ենք սխալվել, բայց երբ մրցավարները կաշառք են վերցնում կամ որևէ մեկի պատվերով սխալներ են թույլ տալիս, սա աններելի է: Շատ կարևոր է՝ այս ամենին ուշադրություն դարձնելը: Դեպք գիտեմ, երբ մրցավարին կաշառքը ձեռքին «բռնել են», բայց նա մինչ օրս շարունակում է դատել:
  • Աշխարհի որևէ երկրում չես տեսնի, որ թիմերն իրենց խաղացանկը չունենան: Այս մասին խոսել եմ Արմեն Մելիքբեկյանի հետ: Ես ֆուտբոլով ավելի երկար ժամանակ եմ զբաղվում, քան նա ապրում է: Միակ խաղը, որի ամսաթիվը գիտենք, «Շիրակի» հետ խաղն է: Չէ՞ որ կարելի է նախապես կազմել խաղացանկը: Եթե կա ցանկություն,ամեն ինչ էլ կարելի է անել: Խաղացանկի հետ կապված հարցը մեզ շատ է մտահոգում:
  • Ցանկանում եմ ստադիոն կառուցել ու հույս ունեմ, որ ինձ թույլ կտան այս երկրում որևէ բան թողնել: Երբ հասնում ես որոշակի տարիքի, սկսում ես մտածել այդ ուղղությամբ: Բայց դրա համար պետական աջակցություն է անհրաժեշտ: Առաջնայինը հողի հատկացման հարցն է: Արդեն դիմել ենք քաղաքապետին, առաջարկել ենք տարածք, որը հիանալի տեղում էր, նաև այգի կառուցելու համար տարածք կար: Ասացին ՝ոչ, այդտեղ բազմահարկ շենք է կառուցվելու:
  • Հաջորդ հարցը պրոֆեսիոնալ լիգայի ստեղծումն է: Այն պետք է ստեղծվի: Ֆեդերացիան իհարկե ղեկավարման որոշակի լծակներ պետք է ունենա, բայց առաջնության անցկացումը՝ ինչպես Բարձրագույն խմբի, այնպես էլ՝ Առաջին խմբի, ֆեդերացիայի գործը չէ: Լիգան պետք է պատասխանատվություն կրի խաղացանկի,ժամանակացույցի համար, իսկ ֆեդերացիան զբաղվի մրցավարական հարցերով օրինակ: Պրոֆեսիոնալ լիգայի ստեղծման գաղափարն աջակցեց ՀՖՖ-ի նախագահը, դա արդեն մեծ քայլ է, բայց մենք՝ ակումբներս էլ պետք է քայլեր ձեռնարկենք: Ոչ թե խոսենք, այլ գործենք:

Աղբյուրը՝ Armsport.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ