Պաշտպանության նախարարությունից մեկնաբանել են տեղեկատվությունը, թե Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա է հղելու զենքի տենդերի չեղարկման կապակցությամբ։
Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ, ցավոք, ORSIS-ի թեման ի սկզբանե տարատեսակ անանուն աղբյուրների և անհասկանալի մղումների պատճառով սխալ ուղղությամբ գնաց․ «Այն հայտարարությունը, թե քրեական գործ է հարուցված, պարզվեց լրիվ այլ իրավական գործընթաց է տեղի ունենում, և ցավում եմ, որ այսօր էլ շահարկվում է այդ թեման»:
«Քանի դեռ իրավական որոշակի գործընթաց է ընթանում, ես զերծ կմնամ կոնկրետ գնահատականներ տալուց, թե ինչ է իրականում եղել, ինչ հանգուցալուծում և ինչ պաշտոնական դիքրորոշումներ կան: Պարզապես կասեմ այս պահին, որ նույն տեղեկությունը հայտարարողը ամեն ինչ խառնում է իրար՝ սկսած նրանից, որ ORSIS-ի մայր ընկերությունը և հայաստանյան ներկայացուցչությունը տարբեր իրավաբանական կառույցներ են, վերջացրած նրանով, որ բողոքի նոտայում չեն խնդրում իրավիճակը հանգուցալուծել և հասկանալ դրա մանրամասները»,-հավելեց Արծրուն Հովհաննիսյանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանում գրանցված «Օրսիս Արմս» ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը հայտարարություն էր ներկայացրել ՊՆ կողմից մրցույթին ընկերության մասնակցության մերժման մասին: Փաստաբանի վարկածով՝ մերժումը պայմանավորված էր մտացածին պատճառով: Հայտարարության հիման վրա Քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել 376 հոդվածի 1-ին մասով: ՔԿ-ն հաստատել էր քրեական գործ հարուցելու մասին տեղեկությունը:
Աղբյուրը՝ News.am