Այն, որ Հայաստանը ցածր դիրքերում է Կիբեռանվտանգության հետ կապված միջազգային վարկանիշներում, կապված է փաստաթղթավորման բացակայության հետ։ Այս մասին ArmSec համաժողովում քննարկումների ժամանակ ասաց Нelix Consulting ընկերության ղեկավար Արամ Մխիթարյանը։
Նա նշեղ, որ անհրաժեշտ է կողմնորոշվել, թե ինչն ենք մենք ավելի շատ կարևորում․ կիբեռանվտանգության միջազգային վարկանիշներում լավ տեղերը, թե կիբեռանվտանգության ապահովման իրական հիմքերը։
«Անկախ վարկանիշներից՝ մենք երկիր ենք, որը մշտական կիբեռպատերազմի մեջ է հարևան Ադրբեջանի հետ։ Այսպես թե այնպես մենք ստիպված ենք անընդհատ պաշտպանվել , հնարավոր է, նաև այդ պատճառով փաստաթղթավորման համար ժամանակ չի մնում»,-հայտարարեց Մխիթարյանը։
Նրա խոսքով՝ վարկանիշներում լավ դիրքերը չեն երաշխավորում կիբեռանվտանգության իրական բարձր մակարդակ։ Այս առումով նա օրինակ բերեց Վրաստանին՝ ասելով, որ թեև այդ երկիրը վարկանիշներում առաջատար դիրքեր է զբաղեցնում, միևնույն է, չկարողացավ դիմակայել վերջին կիբեռգրոհին։
Մխիթարյանն առաջարկեց կիբեռանվտանգության հարցը պատշաճ մակարդակի կրթության ապահովման տեսակետից դիտարկել։
«Մենք ունենք օգտատերերի, այսպես ասած, կիբեռհիգիենայի հետ կապված խնդիր։ Մարդիկ չգիտեն ինչպես ճիշտ օգտագործել տեխնոլոգիաները։ Վերջին կիբեռգրոհները եղել են մարդկային սխալի պատճառով»,- հայտարարեց նա։