ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում տապալվել են Ադրբեջանի հակահայկական նախաձեռնությունները։
«Այսօր մեկնարկեց Եվրանեսթ ԽՎ-ի աշխատանքները, և արդեն իսկ ունենք կարևոր հաջողություններ։
Ադրբեջանական պատվիրակության կողմից հերթական հակահայկական նախաձեռնությունը, փորձերը միջազգային բանաձևերում Մեծամորի ատոմակայանի փակման հարցը դնելու` տապալվեցին, քվեարկությունից առաջ ելույթումս ներկայացրած փաստարկներն ու նաև մասնավոր քննարկումները ԵՄ ու ԱԼԳ երկրների պատգամավորների հետ արդյունք տվեցին ու ադրբեջանցիները միայնակ քվեարկեցին իրենց առաջարկին։
Հաջորդ կարևոր հաջողությունն արձանագրվեց քաղաքական ու մարդու իրավունքների հանձնաժողովում, որտեղ հայաստանյան պատվիրակության կողմից ներկայացված մեր բոլոր 7 առաջարկներն ընդունվեցին։
Որոշ փոփոխություններով ընդունվեց նաև մեր առաջարկած թեման հաջորդ տարվա բանաձևի աշխատանքների համար։
Այս հանձնաժողովի ընթացքում միջազգային ու տարածաշրջանային մի քանի փորձագետների կողմից ներկայացված ԱԼԳ երկրներում առկա քաղաքական, մարդու իրավունքների ու տնտեսական վիճակի մասին զեկույցների հիմնական թեման Հայաստանն ու մեր բարեփոխումների աննախադեպ ընթացքն էր, ինչպես IDEA international միջազգային կազմակերպության The Global State of Democracy 2019 տարեկան զեկույցն է շեշտում` Հայաստանը Եվրոպայում ժողովրդավարացման գործընթացում ամենամեծ առաջընթացն ապահոված երկիրն է։
Տնտեսական հանձնաժողովում ևս մեր բոլոր առաջարկներին կողմ քվեարկեցին, նաև միաձայն անցավ պատվիրակության անդամ, հանձնաժողովի համանախագահ Տարոն Սիմոնյանի առաջարկած թեման որպես հաջորդ տարվա բանաձևի հիմնական թեմա։
Սոցիալական հանձնաժողովում ևս կարևոր հաջողություն արձանագրեցինք, պատվիրակության կողմից ներկայացված առաջարկը, որը հիմնականում վերաբերում էր կրթական համակարգում այլատյացության տարածման հիմնախնդրին (հիմնականում նկատի ունենալով ադրբեջանական հայատյաց քաղաքականությունը) ընդունվեց։
Այսօր այսքանը, վաղը կգումարվի արդեն Եվրանեսթ ԽՎ-ի լիագումար նիստը, բացառիկ կարևորություն է, երբ ներկայացնում ես լեգիտիմ ընտրություններով ձևավորված կառավարող ուժ, նման հարթակներում շատ ավելի ուժեղ ու հիմնավոր է հնչում լեգիտիմության ու վստահության այս դիրքից ներկայացված պահանջները։
Որպես պատվիրակության ղեկավար երախտապարտ եմ գործընկերներիս` նվիրված ու պրոֆեսիոնալ աշխատանքի համար»,– նշել է նա:
https://www.facebook.com/gayane.abrahamyan.9/posts/10218478893497331