fbpx
Խորհրդարան

Ինձ հիացնում է, երբ ամուսինը հպարտանում է իր արժանի կնոջով․ Լենա Նազարյանը՝ վարչապետի ընտանիքի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հանդիպմանը կարևոր շեշտադրումները վերաբերում էին քաղաքակրթական հարցերին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը։

«Քիչ առաջ ավարտվեց վարչապետի հանդիպումը «Իմ քայլը» ԱԺ խմբակցության պատգամավորների հետ։ Խոսակցության կարևոր շեշտադրումները վերաբերում էին քաղաքակրթական հարցերին և այդ համատեքստում իմ լրացումն եմ ցանկանում անել։

Նկատե՞լ եք վարչապետի դեմ ուղղված արշավում ամենաչհանդուրժվողը նրա ընտանիքի հանրային լինելու խիզախումն է։ Հակակառավարական ուժերի կողմից հնչում են նյարդային կոչեր, որ վարչապետը հետ պահի իր ընտանիքը հանրային գործունեությունից, որ նրանք զերծ մնան «անհարկի» կարծիք հայնտնելուց ու առհասարակ չմիջամտեն հանրային կյանքին։ Ուղիղ չի ասվում, բայց խոսքերի տողատակերում կա մերժողականություն նաև շատ մարդկային, անձնական դրսևորումների նկատմամբ. թիրախավորվում է ամուսնու կողմից կնոջ հանրային գործունեության խրախուսումը, միմյանց կարծիքը լսելու ու ազատորեն արտահայտվելու ընտանեկան ժողովրդավարությունը, իր ընտանիքի հանդեպ անթաքույց սիրո արտահայտումներն ու կապվածությունը, ընդհուպ մինչև խոտերի վրա պառկած քնելն ու Դիլիջանի ճանապարհին եգիպտացորեն ուտելը։ Եվ հարց է առաջանում, թե ինչու են այս ընտանիքի հրապարկային լինելը, միմյանց հանդեպ հոգածության ու սիրո դրսևորումները, պարզ կյանքի նախընտրությունները, որոնք հասանելի են Հայաստանում ապրող գրեթե յուրաքանչյուր ընտանիքի համար, թիրախավորվում։ Ակնհայտ է, որ որոշակի կոնտեքստներում այնպիսի անձնական նախընտրություններ, ինչպիսիք են՝ օրինակ որ երկրի արտադրության հագուստ կրել, որտեղ հանգստանալ, ինչպես տոնել Ամանորը, ում հյուր գնալ, ինչ գիրք կարդալ և ինչ ժամացույց կրել, կարող են դառնալ չափազանց քաղաքական հարցեր և հատկապես՝ քաղաքական շահարկման հարցեր։ Եվ, ահա, երբ քաղաքական ու հանրային հետաքրքրություն առաջացնող ընտանիքը չի թաքցնում, ի ցույց է դնում իր անձնական ընտրությունները, քաղաքական շահարկման բազում թեմաներ ցելոֆանե փուչիկի պես պայթում են։ Եվ սա, իհարկե, մեծ քարկապ է այն շրջանակների համար, որոնք առիթ են փնտրում խարխլելու վարչապետի հանդեպ մարդկային վստահությունը, նրա հեղինակությունը։ Դրա համար էլ հնչում են զսպվածության ջղային կոչեր, որպեսզի հնարավոր լինի վարչապետի ընտանիքի ճոխ հագուստի ու հանգստի մասին միֆերն անխափան շրջանառել, օտարացնել մարդկանց, թունավորել մեր վստահությունն առ այն, որ վարչապետը մեզանից մեկն է։ Ասեմ, որ ինձ հիացնում է, երբ ամուսինը հպարտանում է իր արժանի կնոջով, անչափ հուզում է, երբ անթաքույց արտահայտում է իր սերը երեխաների՝ հատկապես դուստրերի հանդեպ ու ոգևորում է, երբ դա արվում է պարզ, անմիջական ու թափանցիկ. աչքի առաջ և օրինակ բոլորիս։ Թեև մարդկային ու հավասար հարաբերությունները պարզապես նրանց ապրելակերպն է, բայց քաղաքական մշակույթի, քաղաքակրթական իմաստով սա հեղափոխական է։

Այնտեղ, որտեղ հնչում են «աղջիկ ջան, մի խառնվիր» ու «մեծերի խաղեր» գաղափարները, այնտեղ, որտեղ խեղդող է անհավասարության, երիտասարդ կանանց իրենց տեղը ցույց տալու մտածողությունը, ինձ համար էլ ավելի թանկ է վարչապետի դստեր կողմից մտքի ազատ ինքնարտահայտումը, կնոջ նվիրված հանրային գործունեությունը։ Վարչապետի կարգավիճակը ժամանակավոր է, սակայն վարչապետի ընտանիքի այս պարզ, հավասար ու մարդկային կենսակերպի քաղաքական ազդեցությունը, վստահ եմ մեզանում շարունակական է լինելու։ Հա, նաև սրա համար ենք հեղափոխություն արել, քաղաքակրթական հեղափոխությու»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ